12/10/2026

EU – Armenia

Բեյջի թելը՝ 1250 դրա՞մ` բյուջեից կատարված անհարկի ծախսերի հարցը

Ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանը բարձրաձայնել է COP17-ի բրենդային նվերների ձեռքբերման համար պետական բյուջեից կատարված ծախսերի հարցը՝ կասկածի տակ դնելով որոշ ապրանքների գնման գները։

Նրա խոսքով՝ կառավարությունը միջոցառման բրենդային նվերների համար ծախսել է շուրջ 290 միլիոն դրամ։ Պատգամավորը, որպես օրինակ, նշել է 16 500 ջրամանների ձեռքբերումը, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 7800 դրամ։

Մանուկյանը հայտնել է, որ անձամբ ուսումնասիրել է շուկայի առաջարկները՝ ձեռք բերելով չորս տարբեր մոդելի թերմոսներ, որոնց գները տատանվել են 2000-3500 դրամի սահմաններում։

Պատգամավորի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև բեյջերի համար նախատեսված թելերի գնումը։ Նրա ներկայացմամբ՝ պետությունը 19 700 հատ բեյջի թել է ձեռք բերել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 1248 դրամ։ Մինչդեռ ինքը և իր գործընկերը շուկայում չեն կարողացել գտնել 55 դրամը գերազանցող նմանատիպ ապրանք։

Մանուկյանի խոսքով՝ շուկայի մասնագետների գնահատմամբ՝ նույնիսկ ամենաբարձր որակի և ամենաթանկ տպագրությամբ բեյջի թելի արժեքը կկազմեր առավելագույնը 600 դրամ։