12/10/2026

EU – Armenia

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»

Մենք ցանկանում ենք վերսկսել համագործակցությունը վրացական իշխանությունների հետ, սակայն նրանք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն դրա համար, ասել է Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Նրա խոսքով՝ առաջ շարժվելու փոխարեն, վրացական իշխանությունները բազմաթիվ օրենքներ ընդունելով՝ հետ են գնում։

«Մինչև վրացական իշխանությունները չսկսեն շարժվել դեպի եվրոպական արժեքներ, մենք չենք համագործակցի նրանց հետ», – հավելել է ԵՄ ներկայացուցիչը։

Մարթա Կոսը նշել է, որ չնայած վրացական իշխանությունների հետ համագործակցության բացակայությանը, ԵՄ-ն շարունակում է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ և աջակցել վրաց ժողովրդին։

Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Օրակարգում է նաև Վրաստանում ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք՝ 2024 թ․ նոյեմբերի 28-ին Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների հարցը օրակարգում չի դնի մինչև 2028 թվականի վերջը։ Այս որոշումից հետո Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերություններում լարվածությունը շարունակվում է։ Վրաստանի իշխանությունները մեղադրում են եվրոպական բյուրոկրատիային եվրոպական ինտեգրման գործընթացը կասեցնելու մեջ։