Արցախի կորստի հետևանքով հայ ժողովրդի նյութական հարստության կորուստը կարող է կազմել շուրջ 100 միլիարդ դոլար։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այդ գնահատականը ցույց է տալիս կորուստների ահռելի չափը, իսկ միայն Արցախի պաշտպանության բանակին հասցված նյութական վնասը գերազանցում է 6 միլիարդ դոլարը։
«Այո, Արցախի կորստի նյութական արժեքը հաշվարկվել է մոտ 100 միլիարդ դոլար: Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստությունը հիմա գոյություն չունի»,- ասել է նա:
Էդգար Ղազարյանը քննադատել է իշխանություններին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալու ժամանակ հնչեցրած խոստումները։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարում էր, որ տարիներ շարունակ պետությունը թալանվել է, և ինքն իշխանության է գալիս՝ արդարություն հաստատելու, ապօրինի յուրացված միջոցները վերադարձնելու ու դրանք ժողովրդին ծառայեցնելու նպատակով։
Ղազարյանը հարց է բարձրացրել, թե արդյոք այդ խոստումների մեջ եղել է նաև պետությունը և ժողովրդին նոր պարտքերի տակ դնելու մտադրությունը։
Պատգամավորի քննադատությունը վերաբերում է նաև քննարկվող վարկային միջոցներին, որոնք, նրա գնահատմամբ, լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծելու։ Նա ընդգծել է, որ ծրագրի ներկայացման ընթացքում շահառուների թվում նշվել են արցախահայերը՝ հիշեցնելով, որ նրանց ունեցվածքի կորուստը տեղի է ունեցել Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։
Հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված՝ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու շրջանակում։

Բաց մի թողեք
Իսկ ժողովրդին հարցրե՞լ ես, Նիկոլ
Անհեթեթ մեղադրանքներ, զրո ապացույցներ. բացահայտվում են Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
«Վերջին պահին բերել եք ԱԺ՝ արտահերթով». Մանուկյանը՝ փոխնախարարին