19/03/2025

ԱՄՆ-Եվրոպա դիմակայության գոտի կամ թիրախ չդառնալու խնդիրը

«Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին խորհրդակցություն կանցկացնի ամերիկյան վարչակազմի պաշտոնյաների հետ՝ որոշելու Ուկրաինային ԱՄՆ հետագա պաշտպանական աջակցության հարցը, ընդհուպ այդ աջակցությունը ընդհանրապես դադարեցնելը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի Սպիտակ տանը կատարվածի համար: Ուկրաինայի նախագահը դա չի շտապում անել:

Շատ էական է, թե նրան այդ առնչությամբ ինչ են խորհուրդ տվել եվրոպացի վարչապետներն ու նախագահները, որոնք հավաքվել էին մարտի 2-ին Լոնդոնում՝ Բրիտանիայի նախաձեռնությամբ գագաթնաժողովին, որտեղ քննարկել են Ուկրաինային աջակցության հարցը:

Ընդհանուր որոշման մասին շատ հանգամանալից տեղեկություններ չկան, սակայն խոսվում է, որ Բրիտանիայի, Ֆրանսիայի և դարձյալ մեկ-երկու երկրի մասնակցությամբ կկազմվի ուկրաինական կարգավորման այսպես ասած «այլընտրանքային պլան», որը կներկայացվի ԱՄՆ-ին: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Զելենսկուն հորդորել է կարգավորել հարաբերությունն ԱՄՆ հետ:

Չնայած Ուկրաինայի նախագահին ցուցաբերած բարոյական մեջ աջակցությանը, եվրոպացի առաջնորդներն այդուհանդերձ պատկերացնում են թերևս, որ ի վիճակի չեն ուկրաինական հարցում փոխարինել այն ռեսուրսային ներկայությանը, որ ունի ԱՄՆ Ընդ որում, դա ամենևին չի վերաբերում լոկ նյութական-քանակային, այլ նաև որակական ռեսուրսին, սկսած թերևս այն հաղորդակցային, հետախուզական, արբանյակային աջակցությանը, որ Վաշինգտոնը ցուցաբերել է Ուկրաինային և առանց որի ուկրաինական պաշտպանական ներուժը կլիներ օբյեկտիվորեն չափազանց թույլ:

Աներկբա է, որ «գարնանային այս սրացումները» ոչ թե ԱՄՆ-ի և Ուկրաինայի, այլ ԱՄՆ ու Եվրոպայի միջև են: Եվ այս հանգամանքը Հայաստանի համար հղի է իսկապես էական մարտահրավերներով, որքան էլ խնդիրը թվա մեզանից հեռու: Արևմտաեվրոպական էլիտաներն առնվազն դրսևորում են Թրամփի մոտեցումներին դիմակայելու և դրանց վրա ազդելու հաստատակամություն:

Դրա հնարավորության և հաջողության վերաբերյալ գնահատականները տարբեր են, սակայն առնվազն փորձելու որոշումը ակնառու է: Իսկ դա նշանակում է, որ կիրառվելու են բոլոր հնարավոր միջոցները, բոլոր հնարավոր ուղղություններով:

Իսկ այդ ուղղություններից, անկասկած, կարող է լինել նաև Կովկասը: Վաշինգտոն կատարած այցից անմիջապես հետո Թուրքիայի նախագահի հետ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հեռախոսազրույցը խիստ հատկանշական է:

Եթե Հայաստանի համար, ըստ էության, էքզիստենցիալ անհրաժեշտություն է դիտվել ու դիտվում այսպես ասած Արևմուտք-Ռուսաստան դիմակայության գոտի չդառնալը, ապա այսօր, թերևս, ոչ պակաս էական, իսկ գուցե ընթացիկ տրամաբանության իմաստով առավել արդիական է դառնում ԱՄՆ-Եվրոպա դիմակայության գոտի կամ թիրախ չդառնալու խնդիրը: