Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2027թ. նոյեմբերին և նոր թեկնածու փնտրելու խնդիր չկա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպիսով անոնսավորում է իր պաշտոնավորման երրորդ շրջանը, բայց այդ խնդիրը լուծելու համար հարկ կլինի սահմանադրություն փոխել:
Ներքին խմորումներ են սկսվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության վերնախավում: Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է ԺՀԿ առաջնորդի պաշտոնից Քըլըչդարօղլուին հեռացնելու մասին կուսակցության համագումարի որոշումը:
Փորձագետները դեռևս անցյալ տարի էին կանխատեսել, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի տարաձայնություններ սադրեն ԺՀԿ վերնախավում: Այդ կանխատեսումները, կարծես, իրականանում են:
Իրավիճակին առանձնակի ինտրիգ է հաղորդել Քրդական բանվորական կուսակցության հայտարարությունը: ՔԲԿ-ն ընդունել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչը և պատրաստ է «դադարեցնել կրակը», եթե իշխանություններն արտոնեն, որ կուսակցության լուծարման հարցով համագումարը նախագահի անձամբ Օջալանը:
Այլ կերպ ասած՝ ՔԲԿ-ն զինված պայքարը դադարեցնելու դիմաց իշխանություններից պահանջում է Օջալանին ազատ արձակել և հնարավորություն տալ, որ նա, ինչպես հայտարարության մեջ է ասված, ազատորեն շփվի իր բարեկամների և համակիրների հետ:
«Հյուրիեթի» իշխանական աղբյուրակներն ասել են, որ այդ նախապայմանն անընդունելի է, խոսք չի կարող լինել ՔԲԿ-ի հետ կառավարության որևէ համաձայնագրի ստորագրման մասին, քրդերը պարտավոր են ունեցած ամբողջ զենքը հանձնել Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի իշխանություններին:
ՔԲԿ-ի առաջնորդ Օջալանի հետ մի քանի փուլով բանակցությունները կազմակերպվել են DEM կուսակցության պատգամավորական խմբի միջնորդությամբ: Այդ կուսակցության ընտրազանգվածի մեծ մասը Թուրքիայի քուրդ բնակչությունն է:
Եվ նախնական տպավորություն կար, որ իշխանությունները կհամաձայնեն, որ լուծարված ՔԲԿ առանցքային դեմքերը միավորվեն DEM-ին և հրապարակային քաղաքական գործունեություն սկսեն:
Օջալանի կոչը «կորզելուց» հետո, երևում է, Թուրքիայի իշխանությունները մտադիր չեն որևէ զիջում անել, որ կուժեղացներ քրդամետ կուսակցության դիրքերը: Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ նախագահական հաջորդ ընտրություններին «դարձյալ կբարձրացվի «Ազգային ալյանսի» դրոշը»:
Խոսքը վերաբերում է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և «Ազգայնական շարժման» դաշինքին, որ նախորդ ընտրություններում Էրդողանի համար հաղթանակ և խորհրդարանական մեծամասնություն է ապահովել:
Քաղաքական առումով դա նշանակում է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կամ նախագահի իր թեկնածուին կառաջադրի, կամ կփորձի համաձայնության գալ DEM-ի հետ, ինչի հավանականությունը, սակայն, չափազանց նվազ է, որովհետև առանց այդ էլ իշխող կուսակցությունը ԺՀԿ-ին մեղադրում է «քրդական ահաբեկչության հետ համագործակցելու» մեջ:
Երրորդ ժամկետով պաշտոնավարելու նախաձեռնություն Էրդողանը բացահայտում է մի փուլում, երբ Միացյալ Նահանգների և Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններում ակնհայտ տարաձայնություններ կան: Երևում է, Անկարան սպասելիքներ ունի թե մեկից, թե մյուսից: Ամենահարմար պահն է, որպեսզի Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի նկատմամբ եվրոպական հանրությունը հանդուրժողականություն դրսևորի:
Բայց ի՞նչ լուծում է գտնվելու քրդական հարցին: Իշխանությունը քրդերին առաջարկում է «սահմանադրական քաղաքացիության իրավունքներ»: Դա նշանակում է, որ Թուրքիայում քրդական ինքնությունը քաղաքական որևէ կազմակերպվածություն չի կարող ունենալ: ՔԲԿ-ն կընդունի՞ «կապիտուլյացիայի» պահանջը:
Էրդողանն սպառնացել է, որ կամ քրդերը «զենքը կթաղեն, կամ զենքի հետ կթաղվեն»: Եթե Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսի, ապա Մերձավոր Արևելքում որևէ կարգավորման մասին խոսք չի լինի: Թուրքական «ճամփաբաժանը» կարող է վտանգավոր հետագիծ ունենալ:
Բաց մի թողեք
Ռուս-ադրբեջանական «մամլակին» հակազդելու Հայաստանի ռեսուրսները
Պուտինը մաhափորձից հետո գնացել է եկեղեցի՝ աղոթելու Թրամփի համար. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց
Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել