Գլխավոր դատախազությունը Հրազդանի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կնոջից՝ Զարիկ Գեւորգյանից բռնագանձել է գոյություն չունեցող հող։
Գեւորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ պատմել էր, որ դատախազությունը դատարան հայց է ներկայացրել գոյություն չունեցող կադաստրային հասցեով հող բռանագանձելու պահան, դատարանն այն բավարարել է, սակայն ի վերջո խնդրո առարկա հողը չի բռնագանձվել, քանի որ այն իրականում գոյություն չունի։
Եվ, ահա, այսօր դատախազությունից մենք ստացել ենք ինչ-որ «հերքման» տեքստ, որն ըստ էության մեր հրապարակման հաստատումն է։ Երկար-բարակ, խճողված տեքստի բովանդակությունն ի վերջո հանգում է նրան, որ երկա գործընթացի արդյունքում հողը չեն կարողացել բռնագանձել: Ինչ է գրում դատախազությունը․
««Հրապարակ» օրաթերթի 2025 թվականի մարտի 1-ի՝ «Դատախազությունը գոյություն չունեցող հողատարածք է բռնագանձել Արամ Դանիելյանի կնոջից» վերտառությամբ հրապարակումը, դրա մեջ տեղ գտած՝ «Դատախազությունը հայցադիմումում ներկայացրել է հողամասի գտնվելու վայրի այլ հասցե, իսկ իրականում հողատարածքն այլ հասցեում է եղել», «Դատախազությունը զրոյից նոր հայց է ներկայացրել դատարան՝ այս անգամ հողատարածքի ճիշտ հասցեն ներկայացնելով» ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը: Գլխավոր դատախազությունը 2020 թվականի հունվարի 29-ին հայց է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով ի թիվս այլ պահանջների խնդրել է անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի լոտ 26 հողամասի աճուրդը և որպես հետևանք անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 31-ի Կոտայքի մարզպետի և Զարիկ Գարուշի Գևորգյանի միջև կնքված հողամասի առուվաճառքի թիվ 2587 պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա հողամասի նկատմամբ Զարիկ Գարուշի Գևորգյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԿԴ/3359/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 7-ի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարել է և պարտավորեցրել Զարիկ Գարուշի Գևորգյանին Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզ, Ծաղկաձոր քաղաքում գտնվող թիվ 07-005-0021-0031 կադաստրային ծածկագրով 0,55 հա մակերեսով հողամասը: Այնուհետև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ մերժել է Զարիկ Գևորգյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ 2021 թվականի ապրիլի 7-ի վճիռը թողնելով անփոփոխ: Նշված որոշման դեմ պատասխանող Զարիկ Գևորգյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժվել է: Այսպիսով թիվ ԿԴ/3359/02/21 քաղաքացիական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թվականի ապրիլի 7-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Վճռի հիման վրա՝ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելիս պարզվել է, որ Կոտայքի մարզ, Ծաղկաձոր քաղաքում գտնվող թիվ 07-005-0021-0031 կադաստրային ծածկագրով, 0,55 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է այլ անձանց սեփականության իրավունքը: Համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված պարզաբանումների՝ պարզվել է, որ Զարիկ Գևորգյանը բացի 0,55 հա հողամասից 2007 թվականի մայիսի 29-ին իր ամուսնու՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որոշմամբ կայացած մեկ այլ աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչվել և ձեռք է բերել 0,55 հա հողամասի հարևանությամբ գտնվող 1 հա հողամասը:
Նշված երկու հողամասերը 2011 թվականի միավորվել են, և 1,55 հա հողամասը ստացել է Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Մ. Մկրտչյան փողոց N 48 հասցեն: Բացի այդ, Կադաստրի կոմիտեն պարզաբանել է, որ տեղեկությունները տրամադրվել են թերի, քանի որ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական (ARPIS) էլեկտրոնային համակարգում 0.55 հա և 1.0 հա հողամասերի արխիվային գործերը արխիվացված չեն եղել և հետևաբար չեն փոխկապակցվել 2011 թվականին նշված երկու հողամասերի միավորման արդյունքում նոր առաջացած 1.55 հա հողամասի կադաստրային գործի հետ, որի պատճառով տրամադրված տվյալները եղել են թերի և ոչ լիարժեք։
Նշված փաստերի հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ և միաժամանակ Գլխավոր դատախազությունը նոր երևան եկած հանգամանքի հիմքով՝ ներկայացրել է 2022 թվականի ապրիլի 7-ի վճռի վերանայման բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից ընդունվել է վարույթ»:
Վերջում Դատախազությունը նշում է` մեր այն պնդումը, որ «Դատախազությունը զրոյից նոր հայց է ներկայացրել դատարան՝ այս անգամ հողատարածքի ճիշտ հասցեն ներկայացնելով» չի համապատասխանում իրականությանը»:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին խնդրեցինք՝ արձագանքել դատախազությանը վերը նշված տեքստին, նա պատասխանեց․ «Դատախազության իբր հերքումից, իսկ իրականում` նեղացած կեցվածքով սուբյեկտիվ արձագանքից, հետեւում է, որ այո, մարդիկ հասցեն գրել են սխալ, 0031 կադաստրային հասցեի փոխարեն գրել են 0021, հիմա իրենց ասածը իմինից ինչո՞վ է տարբերվում: Պետք է գրեին՝ Լենինի 4, գրել են Բրեժնեւի 8, էլ դրա Սիրունյանը սխալ է ասում ո՞րն է։
Աճուրդ եք անվավեր ճանաչել տվել, վարչապետին զեկուցել եք՝ աճուրդ ենք անվավեր ճանաչել տվել, ապօրինի հող էին օտարել` հող ենք հետ բերել, տենց բան էիք, չէ՞, զեկուցել։ Հիմա Սիրունյանի ասածը ո՞րն է, որ սխալ է։ Որ գրում եք «հերքումներ», գոնե կարդացեք՝ ինչ եք գրում, վերջում ստորագրեք։ Ինձ հաջորդ հարցն է հետաքրքրում՝ վարչապետին զեկուցե՞լ են, որ` վճիռ ունենք, պետության հողը հետ չենք բերել, պարոն վարչապետ։ Թե հիմա Սիրունյանը պետք է միջոցներ ձեռք առնի, որ ասի՝ խաբել են Ձեզ, պարոն վարչապետ»։
Բաց մի թողեք
Գյումրիում շատ քաղաքացիներ, ովքեր նրան մոտենալու եւ հարցեր տալու ցանկություն ունեին, անգամ 500 մետրից չկարողացան տեսնել
Փաշինյանի հայտարարությունից հետո ձերբակալել են ԱԱԾ նախկին սպային. Տեսանյութ
Վարդանյանը գիտակցում է վրեժխնդրության ռիսկերը եւ կրում դրանց փաստացի հետեւանքները․ Սիրանուշ Սահակյան