10/03/2025

Ռուսների հետ վերամերձեցման ստարտը տրված է

Չնայած Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին վստահեցրել է, որ ԵՄ հայտը չեն չեղարկելու, սակայն երեկ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստում 2 ամսով, իսկ ոմանց կարծիքով՝ ընդմիշտ հետաձգվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը։ Հանձնաժողովը նախ քննարկեց, ապա կես ժամ ընդմիջում վերցրեց, որպեսզի փակ ֆորմատով քննարկեն կառավարության առաջարկները, սակայն ընդմիջումը մոտ երկու ժամ ձգվեց, որից հետո ՔՊ-ական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարեց, թե քննարկումը երկար ձգվեց` չհասցրին մինչեւ ժամը 12.00-ն նախագիծն ընդունել, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքով հաջորդ օրը մեկնարկող հերթական նիստերի օրակարգ կարող են ընդգրկվել միայն այն նախագծերը, որոնք ընդունվել են նախորդ օրվա մինչեւ 12.00-ն։ Այսինքն՝ նախագիծն այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում չի ընդգրկվի։

Հրապարակ թերթը գրել է․ Եղոյանի խոսքով՝ պատճառը տեխնիկական է։ «Այն ԱԺ լիագումար նիստում կքվեարկվի ոչ թե մարտի 4-ին, այլ հաջորդ` մարտի 25-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ»,- ասել է պատգամավորը։ Սակայն սա, մեղմ ասած, զավեշտալի մեկնաբանություն է, քանի որ, եթե ուզենային նախագիծն անցկացնել, ափալ-թափալ կքվեարկեին, ինչպես անում են` ավանդույթի համաձայն։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ ՌԴ դիրքերն ամրապնդվում են, սա ամենահարմար պատրվակն էր, որով Փաշինյանը կհետաձգի այդ անհեռանկար, արկածախնդրային քաղաքականությունը, որով սլանում էր դեպի Արեւմուտք: Նշված աղբյուրները հավաստում են, որ ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել՝ վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները: Սակայն ԵՄ հայտի բացահայտ մերժումն ու ՌԴ-ի հետ վերամերձեցումն անգամ իր թիմում ընդվզում կառաջացներ, այս թատրոնը դրան է ուղղված։ Բայց արդեն մի քանի օր է՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է ՌԴ-ի իրենց պաշտոնակիցների հետ վերականգնել զուգահեռ շփումներն ու համագործակցությունը։ Իհարկե, որոշ ժամանակ խոսքի մակարդակում կպահպանեն ռուսաֆոբ տրամադրությունները, սակայն կգնան այդ ուղղությամբ։ Դիցուք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ վերջին տարիներին դադարեցրել է ռուսական հարթակներում անցկացվող միջոցառումներին մասնակցությունը եւ բացառապես արեւմտյան վոյաժներ է անում, պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին: Թեեւ միջոցառումը տեղի է ունենալու ապրիլի 17-18-ին, սակայն Աժ նախագահի աշխատակազմից արդեն հաստատել են Սիմոնյանի մասնակցությունը: Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Հիշեցնենք, որ անցած տարիներին ռուսական հարթակներում անցկացվող միջոցառումներին մեկնում էր ԱԺ փոխխոսնակներից որեւէ մեկը։