09/03/2025

ԱՄՆ-ի և Եվրոպայի «տարաձայնությունների» գլխավոր շահառուն Ռուսաստանն է

ԱՄՆ-ի և Եվրոպայի «տարաձայնությունների» գլխավոր շահառուն, իհարկե, Ռուսաստանն է, որ ստանում է Ուկրաինայում պատերազմը շարունակելու «լեգիտիմ իրավունք»: Որքա՞ն կշարունակվի «ռուս ազատարար զինվորի ռազմերթը», պարզ կլինի առաջիկա ամիսներին:

Սպիտակ տան ինքնությունը չվկայակոչած աղբյուրն ասել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային բոլոր տեսակի աջակցությունը, բայց դա «պաուզա է»: Ռուսաստանը, անկասկած, Դոնալդ Թրամփի «նվիրատվությունն» օգտագործելու է, որպեսզի ուկրաինական վերջին ուժերը դուրս մղի Կուրսկից և հնարավորինս ավելի շատ նոր տարածքներ գրավի:

Ավելի ինտրիգային է Ուկրաինայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը: «Մենք, այո՛, սատարում ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը, բայց որևէ կարգավորում հնարավոր չէ առանց կողմերի ուղղակի մասնակցության»,- մուսուլմանական պահքի առթիվ կազմակերպած «Էֆթար՝ դեսպանների հետ» միջոցառմանը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա անդրադարձել է Եվրոպայի անվտանգության խնդրին և հստակ ձևակերպել, որ առանց Թուրքիայի մասնակցության, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, պարզապես անպատկերացնելի է։ Ընդ որում՝ Թուրքիայի նախագահը խնդիրը ներկայացրել է իսլամական աշխարհի միջազգային հեղինակության ինստիտուցիոնալացման անհրաժեշտության տիրույթում:

«Իսլամական աշխարհը, որ Երկիր մոլորակի բնակչության մեկ քառորդն է կազմում, պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ներկայացված լինի վետոյի իրավունքով»,- հայտարարել է Էրդողանը և «անարդարացի» գնահատել աշխարհակարգը, որտեղ որոշումների ընդունումը կախված է հինգ երկրից:

Խոսքն ակնհայտորեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների մասին է, որ օժտված են ցանկացած հարցում վետո կիրառելու իրավունքով, եթե քննարկվող միջազգային խնդիրը հակասում է իրենց ազգային-պետական շահերին: Էրդողանը փաստացի առաջադրում է Թուրքիային ՄԱԿ-ի ԱԽ-ում նույն լիազորություններով օժտելու խնդիր:

Պետք է նկատի ունենալ, որ նա վերջերս է այցելել Մալայզիա, Ինդոնեզիա և Պակիստան: Իսլամաբադում նա Պակիստանի վարչապետի կողմից հռչակվել է «ոչ միայն թուրքական, այլև ամբողջ իսլամական աշխարհի առաջնորդ»: Ամենայն հավանականությամբ, դա պատահական հայտարարություն չէ:

Ուշադրություն է գրավում, որ Էրդողանի այդ շրջայցից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը շատ կոշտ քննադատել է Իրանին՝ խորհուրդ տալով «քար չնետել հարեւանների պատուհանին, եթե չի ցանկանում, որ իր պատուհանին քար նետեն»:

Ֆիդանը մարտի 2-ին Լոնդոնում մասնակցել է Ուկրաինայի հարցով «համերաշխության գագաթաժողովին» և առանձին հանդիպում ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ:

Թուրքիայում նախապես տպավորություն ունեին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային առաջին հանդիպումներում տեղ կհատկացնի նաև Էրդողանին: Նման նախանշաններ, կարծես, չկան: Եվրապայի անվտանգության «երաշխավոր լինելու պատրաստակամության» մասին Էրդողանի հայտարարությունը, հավանաբար, պայմանավորված է նաև Թրամփի ուշադրությունը գրավելու դիվանագիտական «հնարքով», իսկ մյուս կողմից հասցեագրվում է Ռուսաստանին:

19-րդ դարավերջին Օսմանյան կայսրությունը համարվում էր «Եվրոպայի մահամերձը»: Թուրքիան այսօր Եվրոպայի անվտանգության «երաշխավորի» հայտ է ներկայացնում: Իսլամական երկրների դեսպանների հետ իֆթարի սեղանին Ռեջեփ Թայփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «ոչ ոքի թույլ չի նոր քարտեզով մտնել տարածաշրջան»:

Նա «որոշ երկրների» մեղադրել է Մերձավոր Արևելքում «նոր աշխարհագրություն ստեղծելու մտադրության» մեջ: Թուրքական աղբյուրները փոխանցում են, որ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով թուրքական հանրությունը երկրի թիվ մեկ սպառնալիք է գնահատում Միացյալ Նահանգներին, երկրորդ տեղում Իսրայելն է:

Եվրոպան պատրա՞ստ է ընդունել «նեոօսմանական հովանավորություն»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հերքել է ռուս-թուրքական հարաբերությունների սառնության մասին լուրերը: Մոսկվան Անկարային ի՞նչ առաջարկություն ունի: