10/03/2025

Նոր աշխարհակարգին դիմադրելը վտանգավոր է

Օվալաձեւ գրասենյակում միջադեպի ենթատեքստն ու համատեքստը Թրամփի եւ Զելենսկու հրապարակային վեճը չի կարելի դիտարկել որպես երկու մարդու բնավորությունների դրսեւորում:

Այդ պատմության մեջ գուցե կա նաեւ կենցաղային-էմոցիոնալ բաղադրիչը, բայց դա մեզ համար առանձնապես հետաքրքիր չէ, քանի որ մեր, ինչպես նաեւ ԱՄՆ-ում կամ Ուկրաինայում չապրող բոլոր մտածող մարդկանց խնդիրն է այն դրվագի ենթատեքստն ու համատեքստը հասկանալը, եւ, եթե հնարավոր է, մեզ համար դասեր քաղելը:

«Թրամփին բարկացրել էր Զելենսկու հագուստը», «Զելենսկուն կանչել էին Օվալաձեւ կաբինետ՝ ստորացնելու նպատակով», «Թրամփն անցել է Պուտինի կողմը»՝ այս տիպի բացատրություններն ինձ մակերեսային են թվում: Նախ՝ պետք է հիշել, թե ինչի համար էր Ուկրաինայի նախագահը գնացել Միացյալ Նահանգներ:

Նրա այցի նպատակն էր հանքանյութերի գործարքի ստորագրումը: Երբ երկու պետությունների ղեկավարները պետք է միջազգային պայմանագիր ստորագրեն (այն էլ՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ), հնարավո՞ր է արդյոք, որ դրա պայմանները ճշտվեն ստորագրումից կես ժամ առաջ:

Ոչ, նման գործարքների պայմանները համաձայնեցվում են երկար ժամանակ՝ փորձագիտական եւ գերատեսչական մակարդակներով:

Զելենսկին չէր ստորագրում գործարքը, քանի որ ցանկանում էր ԱՄՆ-ից անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալ՝ նախեւառաջ, իհարկե, զենքի տեսքով: Հնարավո՞ր էր, արդյոք, ուղիղ եթերում, «ասուլիսի միջոցով» ստանալ այդ երաշխիքները: Պարզ է, որ՝ ոչ:

Եթե նույնիսկ մի կողմ դնենք Թրամփի հախուռն, էքսցենտրիկ բնավորությունը, դիվանագիտական էթիկետի նկատմամբ արհամարհանքը եւ վատ դաստիարակությունը, միեւնույն է՝ ԱՄՆ նախագահից այս ճանապարհով հնարավոր չէր ստանալ հավաստիացումներ: Սակայն համատեքստն, անշուշտ, ավելի խորն է:

Թրամփը Պուտինի եւ Սի Ցինպինի հետ (գուցե այլ առաջնորդների ներգրավմամբ) պայմանավորվում է Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի «նոր ճարտարապետության» մասին: Կարելի է րոպեն մեկ ասել, որ այդ ճարտարապետությունն արդար չի լինի, եւ, որ՝ այդ երեք տերությունների միջեւ պահպանվելու են հակասությունները:

«Արդարություն փնտրելը» մեր նման ազգերին հատուկ միամտության դրսեւորում է: 80 տարի առաջ Յալթայում հիմք դրած «ճարտարապետությունը» նույնպես «անարդար» էր, Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի հակասությունները նույնպես ակնհայտ էին, բայց այդ համակարգը մի քանի տասնամյակ, լավ թե վատ, գործում էր: Հիմա չի գործում, եւ այս երեք լիդերները նոր լուծումներ են փնտրում. Թրամփի շնորհիվ գործընթացը բավականին առաջ է գնացել:

Ենթադրում եմ, որ նոր ճարտարապետության մեջ գերիշխող են լինելու տնտեսական եւ տեխնոլոգիական բաղադրիչները, եւ այդ առումով նույնպես մեծ է Թրամփի եւ Մասկի դերը: Ի վիճակի՞ է, արդյոք, Զելենսկին հակազդել այն գործընթացին՝ հաշվի առնելով, որ դա Ուկրաինայի համար, գոնե տարածքային առումով, անբարենպաստ է լինելու: Հարցի պատասխանը, կարծում եմ, պարզ է:

Հետեւաբար, այնքան էլ իրատեսական չէ Թրամփից պահանջել, որ նա ուղիղ եթերում ասի՝ «Պուտինը սրիկա է»: Բնականաբար, դուք կարող եք հիշեցնել, որ կա եւս մի խաղացող՝ Եվրոպան, որը հոգով-սրտով Զելենսկու հետ է, եւ Օվալաձեւ գրասենյակում տեղի ունեցած միջադեպից հետո դրա մասին բարձրաձայն հայտարարել է: Դա խոսում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որոշակի (հավանաբար, ժամանակավոր) պառակտման մասին:

Բայց ունի՞ արդյոք Եվրոպան առանձին, ՆԱՏՕ-ից դուրս գտնվող ռազմական պոտենցիալ, որպեսզի արդյունավետ դարձնի Ուկրաինայի դիմակայությունը Ռուսաստանին: Կասկածում եմ: Հայաստանում արձագանքողները, ինչպես միշտ, բաժանվել են երկու խմբի: Ընդդիմադիրներ. «Երկու շոումեններն իրար նման են, եւ նույն ձեւով էլ կվերջացնեն»:

Ո՛չ, Փաշինյանը նման չէ Զելենսկուն, որը (իհարկե, սխալներով ու նույնիսկ տապալումներով) կարողանում է կազմակերպել դիմադրություն՝ օտարերկրյա հարձակմանը: Իշխանամետներ. «Տեսեք, Զելենսկին պրագմատիկ չէ, իսկ մեր Փաշինյանը պրագմատիկ է»: Ոչ, ձեր Փաշինյանը պրագմատիկ չէ: Եթե պրագմատիկ լիներ, ռուսների հետ հակամարտության մեջ չէր մտնի:

Ուշադրություն դարձրեք՝ խնդրո առարկա տեսանյութում փոխնախագահ Վենսը Զելենսկու երեսով է տալիս՝ «դուք եկել էիք այստեղ, գնացել էիք Փենսիլվանիա, եւ փաստացի գովազդում էիք մեր ընդդիմախոսներին»: Տերությունների հետ խաղեր տալը վտանգավոր է՝ դրանք հիշաչար են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; «Առավոտ» օրաթերթ