10/03/2025

Պարզունակ պատասխանների գայթակղությունը

Oրուելի «Անասնաֆերմայում» հավերը օրը մի քանի անգամ վանկարկում են՝ «Չորս ոտքը լավ է, երկուսը՝ վատ»: Այդ կարգախոսից այն կողմ հավային ուղեղները չեն կարող այլ բան «արտադրել»:

Իսկ կարգախոսը պարզ է, հիշվող է եւ խորը համոզվածության տպավորություն է թողնում: Ճիշտ է, երբ պահը գալիս է, նույն հավերը կրկնում են «փոքր-ինչ» սրբագրված տարբերակը՝ «Չորս ոտքը լավ է, իսկ երկուսն՝ ավելի լավ»:

Ի՞նչ տարբերություն, թե ինչ է պետք առանց մտածելու կրկնել: Որքան պրիմիտիվ եւ անհեթեթ է քարոզչական թեզը, որքան հաճախ է այն կրկնվում, այնքան խորն է մխրճվում հարթ ուղեղների մեջ: Ավելին՝ դա «հարթեցնում» է շատերի ուղեղները. նույնիսկ այն մարդիկ, որոնք այլ հանգամանքներում գուցե եւ հակված լինեին երեւույթների ավելի բարդ, ավելի բազմակողմանի բացատրությանը, հարթուղեղ մեծամասնության ճնշման տակ ժամանակի ընթացքում սկսում են խոսել «թեզ-կարգախոսներով»:

Կարգախոսներին հավատալը բացատրվում է մտավոր եւ, կասեի անգամ, հոգեւոր ծուլությամբ: Ի՞նչ կարիք կա խորանալու, ուսումնասիրելու, հասկանալու, երբ կա մեկ նախադասությունից բաղկացած պրիմիտիվ եւ, որպես կանոն, անհեթեթ բացատրություն:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով.

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու տեղի ունեցավ 1917 թվականի բոլշեւիկյան հեղաշրջումը: Շատ պարզ. Լենինը գերմանական լրտես էր, նա առաջադրանք էր ստացել ոչնչացնել ռուսական կայսրությունը, եւ այդ նպատակով զմռսված վագոնով բերվել էր Ռուսաստան:

Իսկ ինչո՞ւ փլուզվեց Խորհրդային Միությունը: Մտածելու բան չկա. Գորբաչովը Միացյալ Նահանգների ԿԸՎ գործակալ էր, եւ պարզ է, որ ամեն ինչ պետք է աներ՝ երկիրը քանդելու համար: Իսկ թագավարակի պատճառով մոտ 20 միլիոն մարդ մահացավ այն պատճառով, որ Բիլ Գեյթսը ցանկանում էր կրճատել Երկրագնդի բնակչությունը:

Այդ անհեթեթությունները, բնականաբար, ունեն որոշակի ենթատեքստ, որը «հաշվարկելն» այնքան էլ դժվար չէ: Մասնավորապես, «Նիկոլը Սերժի բերածն է» եւ «Նիկոլը Լեւոնի հոգեզավակն է» թեզերը տարածվում են ընդդիմության մի մասի կողմից՝ ընդդիմության մյուս մասին վարկաբեկելու համար:

Դարձյալ հույսն այն է, որ մարդիկ պարզունակ բացատրություն են փնտրում: Ինչպե՞ս է պատահել, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է պետության ղեկավար: Պատճառները մի քանիսն են, բայց ոչ՝ նրանք, որոնք նշվում են քարոզչական թեզերում:

Ավելի կեղտոտ եւ նեխած մտածելակերպ է թաքնված իշխանության քարոզչության տակ, որը պնդում է, թե Արցախի ղեկավարները «30 տարի թալանել են», իսկ Ռուբեն Վարդանյանը «ուղարկված է Պուտինի կողմից»: Այդ քարոզչությունը միտված է արդարացնելու իշխանության, մեղմ ասած, անգործությունն այդ հարցում:

Իսկ քարոզիչների «փտած հոգին» դրսեւորվում է նրանում, որ այդ մարդիկ հիմա խոշտանգվում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am