10/03/2025

Ինչու է Հայաստանը մեկուսանում միջազգային իրադարձություններից, ինչ սպասել ․․․

Ռուս-ամերիկյան երկխոսության մեկնարկի «կենտրոնակայան» դարձած Սաուդյան Արաբիան առաջիկա շաբաթ կընդունի նաև ամերիկա-ուկրաինական բանակցությունը: Արդեն հաղորդվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գլխավորությամբ պատվիրակությունը կբանակցի Ուկրաինայի պատվիրակության հետ Էր Ռիյադում:

Դրանից առաջ Էր Ռիյադ այց է ազդարարել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, իսկ Ուկրաինայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ: Սաուդյան Արաբիայում բանակցային այս հարթակների ձևավորումը վկայում է միջազգային հարաբերություններում Ռիյադի աճող դերի մասին:

Այդ հանգամանքն իր հերթին վերստին ուշադրություն է բևեռում այն հանգամանքի վրա, որ դեռևս 2023 թվականի տարեվերջին ազդարարված հայ-սաուդական դիվանագիտական հարաբերության հաստատման համաձայնագիրն անցնող գրեթե մեկուկես տարի ժամանակահատվածում, կարծես թե, չի ունեցել աշխատանքային առաջընթաց:

2023-ի ավարտին Էմիրություններում Հայաստանի և ՍԱ դեսպանների միջև ստորագրվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր:

Դրանից հետո, սակայն, շարժ նկատելի չէ: Մինչդեռ ՍԱ ռեգիոնալ և միջազգային աճող դերը, թերևս, կարևոր է դարձնում երկկողմ փոխհարաբերությանը դինամիկա հաղորդելը, քանի որ Էր Ռիյադը նոր իրավիճակում կարող է լինել Հայաստանի անվտանգության միջավայրի համար կարևոր շերտերում առկա ռիսկերի և մարտահրավերների կառավարման անմիջական հնարավորություններից մեկը:

Առավել ևս, որ դրան զուգահեռ, Սաուդյան Արաբիան նաև ներդրումային վարար աղբյուր է, ընդ որում այդպիսին է դիտվում նույնիսկ Միացյալ Նահանգների համար:

Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել է, որ ՍԱ արքայազն Սալմանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա հինգ տարում Միացյալ Նահանգների տնտեսությունում կատարել մոտ 1 տրիլիոն դոլարի ներդրում:

Հայաստանը, իհարկե, մեղմ ասած չի կարող հավակնել այդպիսի թվերի, սակայն աշխատել Հայաստան սաուդական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, թերևս անհրաժեշտ է:

Ընդ որում՝ դա պետք է դիտարկել հարաբերության կոմպլեքս պատկերով, քանի որ ներդրումային հետաքրքրությունները աշխարհաքաղաքականության համատեքստում ձևավորվում են շահերի ընդհանուր համադրմամբ:

Այստեղ, իհարկե, բացարձակապես անամպ երկինք չէ, սակայն միևնույն ժամանակ, հենց դրա համար է անհրաժեշտ դիվանագիտական ջանքի աշխուժացումն ու շահերի համադրման հնարավորինս բարձր մակարդակին ուղղված աշխատանքի ինտենսիվացումը: