12/03/2025

Բրիտանիան ունի խնդիր ցույց տալ, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ որևէ սկզբունքային պայմանավորվածություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարար Վերնոն Կոկերին, որից հետո սոցցանցային գրառումով նրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Իսկ ահա այն, թե ինչ է քննարկել Կոկերի հետ, Հիքմեթ Հաջիևը չի մանրամասնել:

Բայց, հանդիպումների այդօրինակ ձևաչափերը հուշում են, որ քննարկումները լինում են բավականին առարկայական և կոնֆիդենցիալ: Այդ ձևաչափերը այսպես ասած բավականին ասիմետրիկ են, հետևաբար արարողակարգային պրոֆիլակտիկայից դուրս:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պետական նախարարը հանդիպում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատուի հետ:

Դա նշանակում է, որ, ըստ էության, ապահովվում է կոմունիկացիա հենց Իլհամ Ալիևի հետ: Հիքմեթ Հաջիևը վերջին ամսվա ընթացքում, ըստ էության, անցել է բավականին ուշագրավ երթուղով․ նա եղել է Նաթանյահուի հյուրը Իսրայելում, հետո եղել է Թուրքիայում՝ հանդիպելով Էրդողանի խորհրդականի հետ, իսկ այժմ հյուրընկալվել է Լոնդոնում: Իհարկե, ուշադրության արժանի է և այն, որ Լոնդոն նրա այցը հաջորդում է Իլհամ Ալիևի Անկարա այցին:

Իսկ եթե դիտարկենք նաև այն, որ Ալիևի այցից մի քանի օր առաջ տեղի էր ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը, ապա միանգամայն հնարավոր է, որ Հաջիևին Ալիևը Լոնդոն է գործուղել Էրդողանի հետ հանդիպման արդյունքով, ինչի համար էլ Հաջիևը շնորհակալություն է հայտնում բրիտանացի պաշտոնյային՝ ընդունելության, այսինքն` հանդիպման «հայտը» չմերժելու համար:

Բայց, էականը, իհարկե, այն է, թե ինչով է պայմանավորված եղել Բաքվի այդ հայտը, ի՞նչ է փնտրել Բաքուն Լոնդոնում: Թե՞ հակառակը, Բրիտանիան Ադրբեջանից ունի ակնկալիքներ, որոնք բավարարելը, սակայն Ադրբեջանը համարում է ռիսկային:

Նոր իրավիճակում, որ ստեղծվել է միջազգային հարաբերություններում Թրամփի պաշտոնամուտից հետո, Բրիտանիային ակնհայտորեն անհանգստացնում է այն, որ ԱՄՆ նախագահը միջազգային հարաբերությունների «բարձրագույն խումբ» ձևավորում է Մոսկվայի ու Պեկինի հետ՝ եվրոպական երկրներին դիտարկելով երկրորդ շարքում:

Բրիտանիան ունի խնդիր ցույց տալ, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ որևէ սկզբունքային պայմանավորվածություն: Այդ խնդիրը լուծելու համար Միացյալ Թագավորությունը, բնականաբար, դիտարկելու է իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները: Իսկ Ադրբեջանն այդ ռեսուրսներից մեկն է, որում Լոնդոնը հետխորհրդային շրջանում ներդրել է տասնյակ, հարյուրի հասնող միլիարդավոր դոլարներ: