19/04/2025

Ադրբեջանն արդեն չեղարկում է հանդիպումը, ինչ սպասել ․․․

«Առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն կունենան քննարկել պայմանագրի հետ կապված հարցերը, համաձայնությունները, ստորագրման և վավերացման պայմանները»,- օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ Երևանում համատեղ ասուլիս էր տալիս Նիդերլանդների իր գործընկերոջ հետ: Այդ հայտարարությունը թույլ տվեց նկատել բավականին թափանցիկ ակնարկ հայ-ադրբեջանական մոտալուտ հանդիպման մասին:

Դրա հաջորդ օրը եղավ հայտարարությունը Բաքվից, որ Երևանն ընդունել է ադրբեջանական առաջարկները, խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և բանակցությունն ավարտված:

Հետո Երևանը տարածեց պարզաբանում, թե Ադրբեջանին առաջարկել են այդ մասին անել համատեղ հայտարարություն, բայց Բաքուն գերադասել է միակողմանի հայտարարության տարբերակը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ, ըստ էության, «չեղարկվում» է նաև այն հնարավորությունը, որի մասին մարտի 12-ին Երևանում հայտարարել էր Արարատ Միրզոյանը, գուցե այն ակնկալիքով, որ այդ հանդիպումից հետո էր Երևանը պատկերացնում Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարություն պայմանագրի բանակցությունն ավարտելու մասին:

Եթե Ադրբեջանը հրաժարվել է համատեղ հայտարարության տարբերակից և գնացել միակողմանի ճանապարհով, եթե Բաքուն հայտարարում է նաև, որ չի պատրաստվում ստորագրել պայմանագիրը, քանի դեռ Երևանը չի փոխել Սահմանադրությունն ու չի միացել Մինսկի խմբի լուծարման առաջարկին, ապա փաստացի ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն քննարկելու ոչինչ, գոնե այս պահին: Կամ կարող են քննարկվել միայն այն պայմանները, որ Բաքուն առաջ է քաշում խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:

Այդպիսով, հայ-ադրբեջանական հանդիպման հնարավորությունը, որի մասին խոսում էր Հայաստանի ԱԳ նախարարը մարտի 12-ին, պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ: Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական հանդիպում վերջին անգամ կայացել է հոկտեմբերի 24-ին Կազանում՝ Փաշինյան-Ալիև մակարդակով:

Նոյեմբերին, երբ Մալթայում տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական կոմիտեի հավաք, Ադրբեջանը հրաժարվել էր ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումից:

Translate »