Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Մենք՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներս, մեր խիստ անհամաձայնությունն ենք հայտնում ՀՀ կառավարության դիրքորոշմանը ՝ հրաժարվելու Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից։ Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական հիմքեր չունեցող քայլ է, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին և թողնում մեզ՝ էթնիկ հիմքով կատարված հանցագործության զոհերի հարազատներին առանց անհրաժեշտ պաշտպանության:
Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը անհապաղ դադարեցնի այս աղետաբեր քաղաքականությունը և ապահովի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված հայցերի քննության բնականոն ընթացքը։ Այդ հայցերը կարևոր գործիք են մեր խախտված իրավունքների վերականգնման, ադրբեջանական հանցագործությունների ճանաչման և միջազգային իրավունքի շրջանակներում արդարության հաստատման համար։
Հայաստանի իշխանությունները չունեն իրավունք նման կարևորագույն որոշումներ կայացնելու առանց հասարակության լայն շրջանակների և առաջնահերթ՝ պատերազմի զոհերի և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների հստակ համաձայնության։ Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը դադարեցնի մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները անարգող գործելաոճը, որոնք լեգիտիմացնում են Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը՝ շարունակելով այն հանցագործությունները, որոնք կատարվել են մեր ժողովրդի դեմ։
Ներկայացված միջպետական հայցերից հրաժարվելը նաև կնշանակի ամենաբարձր մակարդակով խոչընդոտել անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ընտանիքների իրավունքներին՝ չթողնելով արդյունավետ իրավական պաշտպանության որևէ գործիքակազմ»։

Բաց մի թողեք
Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումը
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը