15/03/2025

Ի՞նչ է ասել կամ ասելու Փաշինյանը Պուտինին՝ ԱՄՆ բարեխոսի Բաքու այցի ֆոնին

Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Կրեմլի տարածած հաղորդագրությունից պարզ է, որ հեռախոսազրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ:

Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ Փաշինյանը և Պուտինը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերության հարցեր, Հայաստանի վարչապետը նաև ՌԴ նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության մասին, կապված խաղաղության պայմանագրի հետ:

Կրեմլը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է համաձայնագիրը ստորագրելու և խաղաղ գործընթացն առաջ մղելու Երևանի պատրաստակամության մասին, իսկ Պուտինը նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված է Կովկասի անվտանգությամբ և կայունությամբ, ու թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը կարող են ապավիներ Ռուսաստանի աջակցությանը:

Եթե Նիկոլ Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցի ֆոնին նկատենք նաև այն «մանրուքը», որ ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո մեկնել է Բաքու, որտեղ, ըստ տեղեկությունների, անցկացրել է մի քանի ժամ, ապա հնարավոր է նշմարել հայ-ադրբեջանական համաձայնության բավականին ուշագրավ արտաքին ուրվագիծ:

Իհարկե, կասկած լինել չէր կարող, որ Երևանն ու Բաքուն չէին կարող հաղորդակցվել և առավել ևս խաղաղության պայմանագրի տեքստ համաձայնեցնել «կղզիացած» քաղաքական տրամաբանությամբ: Սակայն, դե ֆակտո, այդ համաձայնության մասին ազդարարելուց հետո կողմերի առաջին արտաքին շփումները բավականին ուշագրավ են:

Դա, իհարկե, բոլորովին հիմք չէ որևէ ուղիղ կապակցվածության մասին եզրահանգում անելու համար, սակայն միևնույն ժամանակ դրվագները բավականին խոսուն են՝ այսպես ասած «մթնոլորտային» փոխազդեցության մասին գնահատականների համար: Դա նշանակո՞ւմ է, որ ամերիկա-ռուսական երկխոսության օրակարգը «հասել է Կովկասին»:

Թերևս ոչ: Ավելին՝ այն գուցե դեռ բավականին հեռու է Կովկասից: Եվ ավելին, ըստ ամենայնի, թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնն ավելի շուտ ունեն ցանկություն, որ Կովկասում տեղի չունենան այնպիսի զարգացումներ, որոնք նրանց կստիպեն անել այսպես ասած «օրակարգից շեղում» և արտահերթ անդրադարձ: