30/04/2025

Ալիևը Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել

Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցն ակնհայտորեն «արտակարգ գործուղում» էր, որ սկսվեց Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովային և պատգամավոր Փոլադ Բյուլբյուլ-օղլուին Վլադիմիր Պուտինի շնորհած պետական պարգևների հանձնումից և ավարտվեց նրա գլխավորած պատվիրակության ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումով:

Արարողակարգային այդ միջոցառումների միջակայքում Մատվիենկոն առանձնազրույց է ունեցել նախ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան փոխանցել Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»: Այդ մասին, սակայն, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն չի տարածել:

«Кавказский узел»-ը փորձել է պարզել, թե Բաքվում ինչպես են գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչ տպավորություն ունեն ՌԴ «Սենատի» նախագահ Մատվիենկոյի այցից: Փորձագետների ընդհանուր տեսակետով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն «այլևս նախկինը չեն», իսկ վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովն առհասարակ կասկածում է, թե դրանք կարող են վերադառնալ նախկին մակարդակին: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական օդանավի աղետից հետո Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների «վստահությունը նշանակալիորեն նվազել է»:

Հուսեյնովը համարում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, որ զգալիորեն տարբերվում են հետխորհրդային տարածքի, նույնիսկ նախկին Վարշավայի դաշինքի անդամ երկրների հետ հարաբերություններից»: Նա համարում է, որ այդ առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն Ադրբեջանից բացի չունի շատ թե քիչ վստահելի մեկ այլ գործընկեր, որ կկարողանար ապահովել նրա տնտեսական, տրանզիտային և լոգիստիկ շահերը, որ ներկայումս եվրոպական ուղղությամբ սահմանափակված են:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ փորձագիտական տեսակետների ամփոփում կարելի է համարել Հարավային Կովկասի երկրների հարցերով փորձագետ Նիյազի Նիյազովի գնահատականը, որ Ադրբեջանը չի բարդացնի Ռուսաստանի հետ տարաձայնությունները, բայց կաշխատի հարաբերությունները տեղափոխել փոխադարձ շահերի և հետաքրքրությունների հարգման հարթություն:

Ասել, թե Իլհամ Ալիևը փորձագետների հետ կիսվել է Վլադիմիր Պուտինից ստացած «կոնֆիդենցիալ ուղերձի» տեքստով, անշուշտ, ճիշտ չէր լինի, բայց ներկայացված տեսակետներից կայուն տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը քաղաքական գնահատական արդեն ստացել է, որ տարբեր առիթներով հնչեցվելու է «ծայրահեղ բացասականից» մինչև «փոխընդունելի» դրսևորումներով:

Իլհամ Ալիևին հղած՝ Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձի» բովանդակության շուրջ ենթադրություններ, գուցե, կարելի է անել, ինչպես նաև վարկածներ ներկայացնել: Չափազանց կարևոր է, իհարկե, գոնե ընդհանուր պատկերացում ունենալ, թե Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիևին ի՞նչ է փոխանցել հայ-ադրբեջանական կարգավորման առումով:

Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կամ Մոսկվան, կամ Բաքուն տեղեկատվական արտահոսք կազմակերպի, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է: Այս առումով, սակայն, ուշագրավ է, որ ռուսաստանյան մամուլը ռուս-ադրբեջանական հարաբերությունների թեմային գրեթե չի անդրադառնում:

Իսկ ահա ադրբեջանական կողմը, ճիշտ է՝ «Кавказский узел»-ի միջնորդությամբ, բայց բավական թափանցիկ ներկայացրել է իր պատկերացումը, որ եթե ձերբազատենք «լիրիկայից», ապա կստացվի, որ Բաքուն փորձում է խուսանավել հետխորհրդային տարածքի ռուսաստանյան ինտեգրացիայի և իքնիշխանության պահպանման արտաքին ռեսուրսներ ներգրավելու միջև:

Ալիևը, երևում է, Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել: Մայիսի 9-ին նա պետք է կողմնորոշվի: Անդրկովկասի բոլշեւիկացումը 1920 թվականի ապրիլի 28-ին սկսվել է Բաքվից՝ դառնալով Հայաստանի և Վրաստանի անկախության տապալման հիմք: