Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին հաղորդում է «Անադոլուն»՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի հանրային կապերի և կոմունիկացիաների վարչության գրավոր հաղորդագրությունը:
Նիստում Էրդողանը խստագույն քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը՝ նշելով, որ նրա խնդիրները Թուրքիայի պետության և ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեն, արտահայտում են մարդկանց մի խմբակի հավակնոտությունները:
Էրդողանը վերստին կարևորել է ահաբեկչության դեմ պայքարը, որի արդյունքներով, ըստ նրա, Թուրքիայում կհաստատվի հանրային համերաշխություն, ժողովրդավարություն և բոլորին հասանելի բարեկեցություն: Խոսք, անշուշտ, առաջին հերթին վերաբերում է «Քրդական բանվորական կուսակցության» լուծարմանը, նրա զինված կազմավորումների կողմից Թուրքիայի դեմ պայքարի դադարեցմանը, զինաթափմանը:
Նույն օրը հայտարարությամբ հանդես է եկել իշխող կոալիցիայի մաս կազմող՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին: Մոտ երկու ամիս առաջ հենց նա էր հրապարակայնացրել «Քրդական բանվորական կուսակցության» լուծարման գաղափարը և ՔԲԿ ցմահ ազատազրկման դատապարտված առաջնորդ Օջալի հետ քրդամետ DEM կուսակցության պատգամավորական խմբակցության միջնորդությամբ բանակցություններ սկսել:
Բահչելին հայտարարել է, որ ՔԲԿ լուծարման համագումարի հրավիրումն այլևս հետաձգելի չէ և առաջարկել է, որ մայիսի 4-ին այն գումարվի Մուշ նահանգի Մանազկերտ քաղաքում, որի մունիցիպալ իշխանության ղեկավարն ընտրված է քրդամետ DEM կուսակցությունից:
Իր առաջարկությունը նա հիմնավորել է նրանով, որ ՔԲԿ-ի լուծարման հետաձգումը կարող է բերել անցանկալի դաշինքների ձևավորման, ինչը կբերի նոր լարվածությունների:
Ի՞նչ «անցանկալի դաշինքների» մասին է խոսքը: Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուին ներկայացրել ոչ միայն կոռուպցիայի, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու և եկամուտները թաքցնելու, այլև ՔԲԿ «ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության» մեղադրանք:
Իմամօղլուի նկատմամբ քրեական հետապնդումը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում: Ընդիմադիր ԺՀԿ Իմամօղլուի ձերբակալությունը որակել է «սահմանադրական հեղաշրջում»՝ նկատի ունենալով, որ նա կուսակցության կողմից պետք է ընտրվեր նախագահի թեկնածու:
Այդ դեպքում Իմամօղլուն, որ երեք անգամ Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել՝ համոզիչ հաղթանակ տանելով իշխանության թեկնածուների դեմ, նախագահական մրցապայքարում կլիներ Էրդողանի ամենալուրջ ախոյանը:
Քաղաքական այդ դասավորության դեպքում, հավանաբար, Իմամօղլուին կաջակցեր նաև քրդամետ DEM-ը: Ըստ երևույթին՝ «անցանկալի դաշինք» ասելով Բահչելին նկատի ունի հավանականությունը, որ Ժողովրդա-հանրապետական և DEM կուսակցությունները կարող են միավորվել և նախագահի միասնական թեկնածու առաջադրել՝ հենվելով քուրդ ընտրազանգվածի աջակցության վրա:
Նախապես ծրագրված էր, համենայն դեպս, Բահչելին այդ սցենարը չէր մերժել, որ ՔԲԿ առաջնորդ Օջալանը կարող է ներկայանալ Ազգային մեծ ժողով և խորհրդարանի ամբինոցից հայտարարել կուսակցությունը լուծարելու, զնեքը վայր դնելու և զինված պայքարին վերջ տալու մասին:
Ըստ երևույթին՝ քրդական խմբավորումները նման «ժողովրդավարացման» հարցում միասնական չեն: Մանավանդ որ Էրդողանը հայտարարել է, որ զենքը վայր դրած քրդերը միայն սահմանադրական քաղաքացիություն կստանան: Իշխանությունը մերժել է նաև Օջալանի ցմահ ազատազրկումը տնային կալանքով փոխարինելու առաջարկությունը:
Էրդողանի հանրային հաշտության նախագիծն, այսպիսով, մատնվել է տեղապտույտի: Ամենայն հավանականությամբ, դա նրա մեծագույն ցանկությունն է, որպեսզի միջազգային հանրությանն ապացուցի, որ քրդերը հաշտության ձեռքը չեն սեղմում: Դա ՔԲԿ-ի և քրդական մյուս խմբավորումների դեմ ռեպրեսիաների անցնելու առիթ է:
Ստացվում է, որ Թուրքիայի պետական օրակարգը որոշում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Դա չափազանց վտանգավոր է, քանի որ Թուրքիան կարող է կանգնել քաղաքացիական դիմակայության շեմին: Այդ երկրում ցանկացած ֆորս-մաժոր, անկասկած, ազդեցություն է թողնելու ոչ միայն Մերձավոր Արևելքի ու Պարսից ծոցի, այլև Հարավային Կովկասի ու բալկանյան, նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրների վրա:
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու և այդ միջոցով Թուրքիայի համար աշխարհաքաղաքական սուբյեկտության հասնելու տարբերակը: Ռուսաստանի օրինակը, երևում է, գայթակղիչ է, այն, ինչի հնարավոր չէ հասնել տնտեսական, քաղաքակրթական գրավչությամբ, հնարավոր է ձեռք բերել պատերազմով:
Բաց մի թողեք
Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին՝ պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին
«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին
Անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ