24/04/2025

Մեծ Բրիտանիան ոչ միայն չի հեռանում Կասպյան տարածաշրջանից, այլև ավելի է ամրապնդում դիրքերը

Անցած սեպտեմբերին լրացել է Կասպյան ավազանից էներգակիրների արդյունահանման և արտահանման այսպես կոչված՝ «դարի գործարքի» գործողության ժամկետը:

Ակնկալվում էր, որ կոնսորցիումի մասնակիցները կքննարկեն այն երկարաձգելու կամ նոր համաձայնագիր ստորագրելու հարցը, բայց ամեն ինչ մնաց առկախ:

Վերջին հինգ տարիներին Կասպից ծովի ադրբեջանական հատվածում շահագործվող «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» հանքավայրից նավթի արդյունահանման ծավալները զգալիորեն կրճատվել են՝ կապված պաշարների կտրուկ նվազման հետ:

Տեղեկություններ կային, որ Ադրբեջանը BP-ի հետ քննարկում է հանքավայրի «վերապրոֆիլամորման» հնարավորությունը, որպեսզի այն ծառայի գազի արդյունահանման նպատակին, սակայն, երևում է, նախագիծը բրիտանացիների համար շահութաբերության առումով գրավիչ չէ:

Այս ֆոնին Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Բաքու է այցելել BP-ի արդյունահանման և արտահանման հարցերով փոխնախագահ Գորդոն Բիրելը և քննարկել Ադրբեջանում ընթացիկ տարի նախատեսվող աշխատանքների հետ կապված հարցեր:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ 2020 թվականին գործող «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի»-ից 25 կիլոմետր հեռավորության վրա հետախուզվել է նավթային նոր հանքավայր, որ կոչվել է «Ղարաբաղ»:

Ըստ երկրաբանա-հետախուզական ուսումնասիրությունների՝ շահագործման դեպքում այն կտա օրական հինգ հազար տոննա չմշակված նավթ, ինչպես նաև 4,5 միլիոն խորանարդ մետր գազ: Socar-ից ասել են, որ եթե 2025 թվականին բրիտանացիների հետ բանակցություններն ավարտվեն հաջողությամբ, ապա հանքավայրը կշահագործվի արդեն երեք տարի հետ:

Ի՞նչ ծավալի ներդրումներ են պահանջվում նավթային նոր հանքավայրը շահագործման դնելու համար, հայտնի չէ, բայց Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը համոզված է, որ բրիտանացիները հազից թե այդ ծրագիրը «գզրոցներում փակեն», քանի որ այն երկու կողմերին հավասար շահ է խոստանում:

Հրապարակումից չի հասկացվում, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գործարքում ի՞նչ մասնաբաժին պետք է ունենա կամ BP-ն հանդես է գալիս որպես ինքնուրույն իրավաբանական ա՞նձ, թե ներկայացնում է ավելի քան երեսուն տարի առաջ ստեղծված կոնսորցիումի ներկայացուցի՞չ:

Ադրբեջանական նավթա-գազային նոր հանքավայրի շահագործումը փաստացի Բաքու-Ջեյհան նավթամուղը փրկելու հնարավորություն է: Ծրագիրը, որ խողովակաշարը կարող էր «լցվել» թուրքմենական և ղազախական նավթով, մնացել է «թղթի վրա». Թուրքմենստանը հակված է էներգակիրներ արտահանել Իրանի և Թուրքիայի տարածքով, իսկ Ղազախստանը ներկա աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում ակնհայտորեն չի հակադրվի Ռուսաստանին, որի տարածքով արտահանում է սեփական նավթի մեծագույն մասը:

Իսկ Բաքու-Ջեյհան նավթամուղը պետք է աշխատի, քանի որ տնտեսականից զատ, թերևս դրանից ավելի՝ ունի աշխարհաքաղաքական և ռազմա-անվտանգային նշանակություն: Եթե այդ հարցում BP-ն հանդես է գալիս առանձին ներդրումային ծարգրով, ուրեմն Մեծ Բրիտանիան ոչ միայն չի հեռանում Կասպյան տարածաշրջանից, այլև ավելի է ամրապնդում դիրքերը:

Իսկ դրանից հետևում է, որ Ադրբեջանը երաշխավորության լուրջ կարիք ունի: Իսկ եթե ադրբեջանական նոր հանքավայրի շահագործումն իրականացնի 1994 թվականի սեպտեմբերին ստեղծված կոնսորցիումը, ուրեմն Կասպյան ավազանում ձևավորվում է Մեծ Բրիտանիա-ԱՄՆ-Ռուսաստան «ընդհանուր շահերի գոտի»:

Translate »