ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության փոխդեսպան Բրաունը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնությունն ու երկու կողմերին կոչ արել շուտափույթ ստորագրման:
Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցության ավարտի մասին հայտարարությունից հետո հնչել են միջազգային տարբեր դերակատարների տասնյակ ողջույններ և պայմանագիրն արագ ստորագրելու հորդորներ:
Դա արել են թե գերտերություններ, ուժային կենտրոններ, աշխարհաքաղաքական խոշոր դերակատարներ, թե՛ համեստ պետություններ, որոնք, ըստ էության, որևէ առնչություն էլ չունեն Կովկասին և հայ-ադրբեջանական հակամարտությանը: Բոլոր այդ հայտարարություններում, սակայն, նկատելի է «հավերժական հավասարության նշանը»:
Այսինքն՝ հենց առաջին իսկ պահից ակնառու է, որ պայմանագիրը ստորագրելուց հրաժարվում է Ադրբեջանը՝ առաջ քաշելով հայտնի նախապայմանները: Միևնույն ժամանակ, Երևանը ամեն օր, և օրը գուցե մի քանի անգամ հայտարարում է ստորագրելու պատրաստակամության մասին՝ նշելով նաև, թե առաջարկում է Բաքվին սկսել այդ թեմայով խորհրդակցություններ:
Ադրբեջանն էլ, սակայն, ամեն օր և նույնիսկ օրական մի քանի անգամ հայտարարում է, որ ստորագրելու համար պետք է կատարվեն նախապայմանները: Այդ պարագայում, ստորագրելու կոչերը, սակայն հնչում են հավասարության նշաններով, ինչպես օրինակ տարիներ շարունակ հավասարության նշան էր դրվում այն պարագայում, երբ Ադրբեջանը խախտում էր հրադադարը Հայաստանի սահմանին կամ Արցախի հետ շփման գծում:
Այդ հավասարության նշանները, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ այլ դերակատարներ արձագանքում էին Ադրբեջանի սադրանքներին և հրադադարի խախտումներին, ի վերջո հանգեցրին Բաքվի անպատժելիության միջավայրի ձևավորմանն ու իրեն լուման բերեցին պատերազմի սանձազերծման համար լեգիտիմ միջավայր ձևավորելուն:
Այսօր էլ, երբ Հայաստանը հայտարարում է այն մասին, որ պատրաստ է ստորագրել, իսկ Ադրբեջանը դնում է նախապայմաններ՝ պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրելու առնչությամբ հավասարության նշաններով կոչերը՝ ուղղված երկու կողմին էլ, պարզապես կարող են ձևավորել Ադրբեջանի հերթական սադրանքի նոր լեգիտիմ միջավայր:
Հետևաբար, միջազգային բոլոր պատասխանատու դերակատարները կամ պետք է ձեռնպահ մնան շուտափույթ ստորագրման մասին «երկկողմանի», հավասարության նշանով կոչերից, կամ այդ կոչերը հասցեագրեն կոնկրետ այն կողմին, որը փաստացի հրաժարվում է ստորագրել և կիրառում է նախապայմանները շանտաժով առաջ մղելու քաղաքականություն:
Հակառակ դեպքում, «հավասարության նշանով» արագացումները կարող են պարզապես արագացնել Ադրբեջանի անպատժելիության ու արկածախնդրության նոր ալիք:
Բաց մի թողեք
Ինչպե՞ս կարող է փոխել իրավիճակը Հայաստանը
Ի՞նչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
Արցախը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան է եւ վերջ