01/04/2025

Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. ինչու է լարված ՀՖՖ նախագահը

Նախօրեին FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան հայտարարություն էր արել և ի մասնավորի զգուշացրել էր, որ կարող են եվրոպական երկրներում երկրպագուական խմբերի հետ արշավ սկսել՝ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ընտրվելու դեմ, եթե նա իր հրաժարականի մասին չհայտարարի:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նկատենք, որ այդ հայտարարությունը շարժման կողմից չէր, այլ անհատի: Բայց, չնայած դրան, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը բավականին արագ ու կտրուկ արձագանքեց հիշյալ հայտարարությանը:

Հետաքրքիր է, որ մի իրավիճակում, երբ Հայաստանի ֆուտբոլային հանրույթն ու ֆուտբոլասերները սպասում էին և դեռ սպասում են ՀՖՖ նախագահի հրաժարականի հայտարարությանը, Արմեն Մելիքբեկյանը գերադասեց անդրադառնալ մեկ անձի, մեկ երկրպագուի հայտարարությանը, թեկուզ և նա լինի երկրպագուական շարժման հիմնադիր:

Ինչի՞ մասին է խոսում Մելիքբեկյանի նման նյարդային արձագանքը: Նախ՝ ակնհայտ է, որ անձամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համար ապրիլի 3-ին նախատեսված ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամների ընտրությունը չափազանց կարևոր է, կարելի է ասել՝ կենաց-մահու նշանակություն ունի:

Երկրորդ՝ նրան, բնական է, անհանգստացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողնելու հեռանկարը, ինչը կարող է իրականություն դառնալ արդեն մի քանի օրից: Ավելին, լարվածության առիթ կարող է լինել նաև նոր նախագահի օրոք սպասվելիք աուդիտը ՀՖՖ-ում:

Սակայն մեկ այլ բան էլ ուշադրություն գրավեց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հայտարարության մեջ. խոսքը «փաշինյանական խոսույթի» կամ, եթե կուզեք, նոտաների մասին է: Ահավասիկ. «Նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը»: Գումարած՝ «մենք չենք թույլ տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց…», և այլն:

Դեռ մի կողմ դնենք այն, որ մարդն իրեն նույնացնում է «հայկական ֆուտբոլի» հետ: Ընդունեք, որ լսելիք են սղոցում առիթ-անառիթ ինքնիշխանության մասին շահարկումները, այդ թվում՝ ինչ-որ կազմակերպությունում Հայաստանի ինչ-որ ներկայացուցչի լինել-չլինելու հետ կապված: Այդպես էլ ուզում ես ասել՝ լսե՛ք, դուք «ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»: Ֆուտբոլի, անգամ ֆուտբոլի չէ, այլ՝ ֆուտբոլային կառույցներում պաշտոնների հետ կապված հարց է, ի՜նչ «հակապետական», ինչ «հարված ինքնիշխանությա՜նը»…

Իսկ պետության հարգի մասին ավելի լավ է հիշել երկրի մարզական պատիվը ոտնահարող ու խայտառակող պարտությունների համատեքստում, այլ ոչ թե անձնական կարիերայի, եթե այն անգամ միջազգային կառույցի հետ է կապված:

Translate »