«Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում տեղի ունեցող պանելային քննարկման ժամանակ։
Սա Հայաստանի առաջա՞րկ է Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հարցում մոտիվացնելու համար, թե՞ մանևր՝ պայմանագրի ստորագրման հարցում Ադրբեջանի դրած նախապայմաններից մեկի առնչությամբ:
Այս հարցում, կարծես թե, դիրքորոշումների նորություն չկա. Ադրբեջանը դնում է իր նախապայմանը, Երևանը հայտնում իր դիրքորոշումը՝ միայն խաղաղության պայմանագրից հետո: Թեմայի կապակցությամբ կա թերևս մի էական բաց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը: Այդ առնչությամբ առավել հայտնի է Ռուսաստանի արձագանքը, որի ԱԳՆ խոսնակ Զախարովան մի քանի անգամ ասել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը չի աշխատում և չկա նաև աշխատանքի առարկան՝ Արցախը, հետևաբար այն ենթակա է լուծարման:
Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները լուռ են: Ինչո՞ւ են լուռ: Նրանք համաձա՞յն են, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, թե՞ համաձայն չեն: Եթե համաձայն չեն, ինչո՞ւ չեն արտահայտում անհամաձայնությունը բարձրաձայն:
Որովհետև դա պետք է հիմնավորե՞լ, իսկ հիմնավորելը կնշանակի հիմնավորել Արցախի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտո՞ւմը: Դրանի՞ց են խուսափում Ֆրանսիան ու ԱՄՆ և ապավինում, որ Ադրբեջանին ի վերջո կհաջողվի Հայաստանից ստանալ լուծարման վերաբերյալ համատեղ խնդրանքի առաջարկ, ինչը կհանի բոլոր հարցերը նաև համանախագահների հասցեին:
Թե՞ Նահանգներն ու Ֆրանսիան լուռ են, որովհետև համաձայն չեն Ադրբեջանի մոտեցմանը: Այդ դեպքում դարձյալ՝ ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարման ենթակա չէ, քանի որ առնվազն կան այդ համանախագահության գործունեության հետ կապված, այդ գործունեությունը ոտնահարելու հետ կապված հարցեր և պատասխանների անհրաժեշտություն: Չեն խոսում, որովհետև այդ դեպքում կնշանակի, որ հակադրվում են Ադրբեջանի՞ն: Եթե, օրինակ, ԱՄՆ դեպքում դա այսպես ասած հասկանալի փաստարկ է, ապա Ֆրանսիայի լռությունն այդ տեսանկյունից հասկանալի չէ:
Որովհետև Ադրբեջանն ինքն է հստակ ու աներկբա դիրքավորվել հակաֆրանսիական դաշտում, հետևաբար Փարիզը, ըստ տրամաբանության, պետք է որ չունենա մտավախություն, թե Մինսկի խմբի համանախագահության մասին խոսելը կնշանակի հակադրվել Ադրբեջանին: Եթե, իհարկե, ԱՄՆ ու Ֆրանսիան ևս համաձայն են, որ Մինսկի խումբը, համանախագահությունը լուծարվի, ապա նրանց լռությունը թերևս այս դեպքում չարյաց փոքրագույնն է, քանի որ այդ դեպքում, եթե նրանք էլ արտահայտվեին Բաքվի դիրքորոշմանը համահունչ, ապա Երևանի հանդեպ մթնոլորտային ճնշումը կլիներ առավել ուժեղ: Եթե ընդհանրապես, իհարկե, Երևանը գործնականում մտադիր է առավելագույնն անել համանախագահության լուծարման նախապայմանին դիմակայելու համար:
Բաց մի թողեք
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Պետական բյուջեն՝ մասնավոր բիզնեսի կասկածելի «ոռոգման համակարգ»
Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»