Սյունիքի Խնածախում այս գիշեր էլ անհանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակել են, վերջին մեկ շաբաթվա համեմատ՝ ավելի ինտենսիվ։
Խնածախի բնակիչը պատմեց, որ կրակելու ժամերը չեն փոխվել, մեկնարկը տրվում է երեկոյան ժամը 22:00-ից, շարունակվում մինչև լուսաբաց. «Ուղղակի եթե նախորդ օրերին մեկումեջ ընդմիջում էին տալիս, այս գիշեր սովորականից ավելի շատ են կրակել։ Չգիտենք արդեն ինչ անենք։ Ճիշտ է, ցերեկը հանգիստ է, բայց ձեռքներս չի գնում մի բան անենք։ Անորոշություն է»։
Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղում լսել են, որ սահմանի երկայնքով կուտակումներ կան։ Սակայն հայկական զինված ուժերը զսպվածություն են ցուցաբերում և պատասխան կրակ չեն բացում, որ սահմանին հրադադարի խախտումները չվերածեն տեղային մարտերի։
«Իրենց նպատակը հենց դա է։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններն էլ դրա մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ մի անգամ կրակենք՝ իրենք կհարձակվեն, հետո կարդարանան,, ասելով թե պաշտպանվում ենք»,- ասում է խնածախցի մեր զրուցակիցը` նշելով, որ գյուղում արդեն իինքնուրույն են վերլուծում իրենց շուրջ ծավալվող իրադարձությունները. «Անտերության մեջ ենք, մենք ենք իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրում»։
Իրավիճակով պայմանավորված սահմանամերձ բնակավայրերից նաև հեռացողներ կան։ Գնում են ընտանիքներով։ Մեր զրուցակիցն ասում է, որ գնացողներին Խնածախում չեն մեղադրում. կյանքը թշնամու նշանառության տակ դժվար է։
«Դատարկ տներ շատ կան։ Ովքեր վտանգ չեն տեսնում Խնածախում՝ կարող են գալ ու մեզ հետ «հանգիստ» ապրել»,- այսպես է պատասխանում մեր զրուցակիցը իշխանամերձ թևի այն հայտարարություններին, որ ադրբեջանցիներն օդ են կրակում և/կամ չեն թիրախավորում խաղաղ բնակչությանը։
Բաց մի թողեք
Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT
Սյունիքում կրակելու ժամերը չեն փոխվում, ինտենսիվությունն է ավելանում
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը