Ֆաշիզմի դեմ հաղթանակի հոբելյանական տոնակատարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության շուրջ քաղաքական և հանրային շրջանակների մոտեցումները հակոտնյա են:
Մի շարք գործիչներ արդարացիորեն նշում են, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում դա սկզբունքային նշանակություն ունի, և Հայաստանը չպետք է համերաշխվի Ռուսաստանին: Մյուս կողմից, ինչպես Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, դա նաև մեր հաղթանակն է:
Բայց մինչ Երևանում բանավեճը շարունակվում է, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայում սպասում են շուրջ քսան երկրի առաջնորդի, կառավարության ղեկավարի: ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը, ի հավելումն Կրեմլի խոսնակի բացահայտման, ներկայացրել է ցանկալի հյուրերին:
Ըստ այդմ՝ Մոսկվայում սպասում են Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին, Սերբիայի, Վենեսուելայի և Բրազիլիայի նախագահներին, Հնդկաստանի և Սլովակիայի վարչապետներին, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարներին և «ուրիշների»:
ՌԻԱ-Նովոստ-ին ձեռքի տակ ունեցել է Կրեմլի մամուլի ծառայության ներկայացրած ցուցա՞կը, թե այն կազմել է Պեսկովի բանավոր հայտնած տեղեկության հիման վրա՝ դժվար է ասել: Փաստ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունն այդ տեքստում չի հիշատակվում: ՌԻԱ-Նովոստի-ի ցուցակում չի նշվում նաև Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի անունը: Փաշինյանը և Բերդիմուհամեդոը «և ուրիշների՞» շարքում են:
Որպես կանոն՝ նման վերապահում արվում է այն դեպքում, երբ այցի մասին կա նախնական պայմանավորվածություն, բայց այն դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Հայաստանի կառավարությունը շուրջ մեկ ամիս առաջ է ծանուցել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա և կմասնակցի ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը: Ավելին, անցյալ շաբաթ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ այդ ընթացքում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Ճիշտ չէր լինի ասել, թե Հայաստանի վարչապետի անունը պատվավոր հյուրերի անունից «դուրս է մնացել տեխնիկական պատճառներով»: Նման դեպքերում տեղեկատվությունը մինչև վերջին կետադրական նշանը ստուգվում է թե հյուրընկալող երկրի արարողակարգի պատասխանատուների, թե պետական լրատվական գործակալության աշխատակիցների կողմից:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ՌԻԱ-Նովոստի-ի միջոցով ազդա՞կ է հղել, Հայաստանի վարչապետին հասկացնում են, որ իրեն «այնքան էլ չե՞ն սպասում», թե փորձ է արվել ստեղծել «դիվանագիտական միջադեպ»՝ հնարավոր հետևանքներով հանդերձ:
Այդ արտառոց տեղեկատվության վերաբերյալ Հայաստանի վարչապետի կամ ԱԳՆ մամուլի ծառայությունից առայժմ որևէ արձագանք չկա: «Պատահարին» չի անդրադարձել նաև մամուլը: Ըստ երևույթին՝ ներքին տեղեկատվական հոսքերն այնքան առատ են, որ նույնիսկ «պատասխանատու լրատվամիջոցները» չեն նկատել մոսկովյան «կուրյոզը»:
Բայց դա, ամենայն հավանականությամբ, պատահական «վրիպակ» չէ: Այս անգամ ի՞նչ է մոգոնում Մոսկվան: Առիթ է ստեղծում, որ Փաշինյանը չեղարկի՞ այցը: Ինչո՞ւ: Եթե խոսքը զուտ արարողակարգային միջոցառման մասին է, ապա ո՞ւմ և ինչպե՞ս կարող է խանգարել Հայաստանի վարչապետի ներկայությունը:
Բաց մի թողեք
Իմա՝ մոռանալ Հերոստրատին․ Սա քնարականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»