13/05/2025

ՌԴ-ում ով պայթեցրեց ԶՈՒ ԳՇ Օպերատիվ գլխավոր վարչության պետին

ՌԻԱ-Նովոստին տեղեկություն են տարածել, որ մերձմոսկովյան Բալաշիխայում «ավտոմեքենա է այրվում»: Նախնական վարկածն այն էր, որ մեքենայում տեղադրված է գազաբալոն, որը պայթել է:

Մոտ երեք ժամ հետո ՏԱՍՍ-ը տարածել է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ԶՈՒ ԳՇ Օպերատիվ գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի ներկայացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթյուցիկ սարքավորման գործարկման հետևանքով: «Սարքը հագեցած եղել բեկորային տարրերով»,- պարզաբանել է Պետրենկոն:

ՏԱՍՍ-ի թղթակիցը հաղորդել է, որ ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, պայթյունատեխնիկայի մասնագետներն սկսել են հետազոտությունները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «արտակարգ պատահարն» անվանել է «ահաբեկչություն»: ՏԱՍՍ-ը խոստավանել է, որ «գեներալ-լեյտենանտ Մոսկալիկն սպանվել է»:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա ՌԴ բարձրաստիճան զինվորականի սպանության երկրորդ դեպքն է: Ընդ որում՝ Մոսկալիկի դեպքում խոսքը վերաբերում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի Օպերատիվ գլխավոր վարչության պետին, ով պետք է ամենապաշտպանված զինվորականների առաջին եռյակում լիներ՝ ԳՇ և Հետախուզության գլխավոր վարչության պետից հետո:

Կասկած չկա, որ Մոսկվան այդ սպանությունը վերագրելու է Ուկրաինայի հատուկ ծառայություններին: Բացառված չէ, որ սլաքներն ուղղվեն նաև եվրոպական երկրներին: Իրավիճակն ինտրիգային է: Նախօրեին ՌԴ Արտաքին հետախուզության տնօրեն Նարիշկինը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ պաշտոնակցի հետ, անգամ չի բացառել, որ մոտ ապագայում կարող է հանդիպել նրան:

Ուշագրավ է նաև, որ ՌԴ ԳՇ բարձաստիճան սպայի ավտոմեքենան պայթեցվել է, երբ, ըստ տեղեկությունների, Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթկոֆը: Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նա Վլադիմիր Պուտինին կներկայացնի Թրամփի վերջին առաջարկությունը. Ղրիմը՝ Ռուսաստանին, մնացածն՝ Ուկրաինային:

Դժվար է ասել, թե որքանով է հավաստի այդ տեղեկությունը, բայց Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի գնահատմամբ՝ երկու կողմն էլ պետք է տարածքային զիջումների պատրաստ լինի: Մոսկալիկի սպանությունը, հավանաբար, ռուս-ամերիկյան բանակցությունների խզման պատճառ չի հանդիսանա, բայց կողմերի միջև անվստահությունը, երևի, ոչ միայն չի հաղթահարվի, այլև կխորանա:

Հատուկ ծառայությունների ղեկավարների հեռախոսազրույցից մեկ օր անց կողմերից մեկի մայրաքաղաքում բարձրաստիճան զինվորականի սպանության փաստը չի կարող անհետևանք մնալ: Երկրները՝ որպես կանոն, միմյանց վստահում են հետախուզական տեղեկությունների փոխանակման չափով:

Եվ եթե անգամ ԿՀՎ-ն Մոսկալիկի դեմ ահաբեկչության մասին տեղեկացված չի եղել, Մոսկվայում, միևնույն է, նրան կասկածելու են «իմանալ-չհայտնելու» մեջ:

Գեներալ-լեյտենան Մոսկալիկի սպանությունը, անկասկած, Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար վարկանիշային մեծ կորուստ է: Ի՞նչ որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը: ԱԴԾ տնօրեն Բորտնիկիվին թոշակի ուղարկելու մասին մի քանի անգամ մամուլն ակնարկել է: Իսկ Նարիշկինին ի՞նչ ճակատագիր է սպասվում: