20/10/2025

Իրանի ու Եվրոպական եռյակի հաղորդակցությունն ու ․․․ Հայաստանը

Այսօր՝ մայիսի 16-ին Թուրքիայում սպասվում է Իրանի ու Եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է միջուկային գործարքի հարցը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատար այցի ընթացքում հայտարարել է, որ մոտ են Իրանի հետ միջուկային նոր համաձայնագիրը կնքելուն:

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին ամերիկյան NBSnews-ին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է պայմանավորվել և համաձայնագիր կնքել, եթե ԱՄՆ չեղարկի պատժամիջոցները Իրանի դեմ:

Նա ասել է, որ, անկասկած, կարող են լինել լավ հարաբերություններ, եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են: Իհարկե, հասկանալի է, որ կողմերի հայտարարությունները տարբեր են, և իրականում գործընթացը, անշուշտ, շատ ավելի բարդ է:

Սակայննայն կա, և Թեհրանն ու Վաշինգտոնը խոսում են միմյանց հետ, ինչը, անկասկած, որոշակի անհանգստություններ է առաջացնում Եվրոպայում: Այստեղ կա ուշագրավ պատկեր:

Իրանը խորքային իրավա-պայմանագրային հարաբերություններ ունի Չինաստանի ու Ռուսաստանի հետ, միաժամանակ գործընթաց է սկսել ԱՄՆ հետ, ու Եվրոպան կարծես թե մնում է խաղից ու մեխանիզմներից դուրս: Ֆրանսիայի ԱԳ նախարարը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ Իրանի շուրջ գործընթացը պետք է արտահայտի նաև Եվրոպայի շահերը:

Սա նշանակում է, որ առնվազն կա մտավախություն, որ դրանք արտահայտված չեն: Թուրքիայում հանդիպմանը խոսակցությունը, իհարկե, կլինի այդ մասին, իսկ թե որքան արդյունավետ, սա, անշուշտ, դեռ հարց է:

Այս իրավիճակը Հայաստանի տեսանկյունից համակ ուշադրության առարկա է նաև այն առումով, որ Եվրամիությունն ու Իրանի Հայաստանին առնչվող կարևորագույն մի հարցի՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների թեմայի էական շահառուներ են, որոնց մոտեցումները կարող են լինել տարբեր:

Հետևաբար, եթե նրանց միջև քննարկում է ծավալվում միջուկային ծրագրի գործարքի վերաբերյալ, ապա հավանական է,որ այդ քննարկումները շոշափեն նաեւ այլ կարևոր հարցեր, դրանց միջոցով կոմպրոմիսների գալու, կամ թեկուզ միմյանց հանդեպ ճնշումներ բանակցելու համատեքստում:

Ընդ որում, այդ իմաստով նաև հատկանշական է, որ Իրանի ու Եվրոպական եռյակի, ըստ էության, առաջին դիվանագիտական շփումը տեղի կունենա Թուրքիայում, որը ևս տրանսպորտային թեմայի առանցքային շահառու է՝ իր ռազմավարական հավակնություններով ու պատկերացումներով: