11/07/2025

Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է․ նա եկել է այստեղ՝ փող աշխատելու, մարդ սպանելու․ Ալեն Սիմոնյան

Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին։

«Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ, Հանրապետության հրապարակում նրա դեմքի ջղաձգումները տեսնելով, որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծ այդ օտարը, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որ խոպան էր եկել իր թայֆով, հանկարծ չվերադառնա։ Իր մտածելակերպն օտար է հայ մարդուն, նա օտար է Հայաստանում, նա Հայաստանին վերաբերել է որպես խոպան․ եկել են՝ այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու։ Մարդասպաններ են»,- ասել է Սիմոնյանը. «Հայկական կողմը, միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության համաձայնագրի կնքումը»:

Ըստ Սիմոնյանի՝ քննարկումները շարունակվում են. «Կա համաձայնություն առաջիկայում այդ քննարկումները շարունակելու: Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով»:

Նրա խոսքով՝ այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, իրավական դաշտում գոյություն չունեն:

Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի պահվածքը քաղաքական հետևանք է ունենալու. «Այն, ինչ իրեն թույլ է տվել պարոն Քոչարյանի փոքր տղան, պետք է քաղաքական հետևանք ունենա ու ունենալու է, թող որևէ մեկը չկասկածի»։

Սիմոնյանն անդրադարձել է նաև իր հասցեին Լևոն Քոչարյանի հայտարարություններին. «Պետք է հասկանանք, թե ով է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելն ու մարդասպան, չընտրված երկրի ղեկավարի տղա լինելուց՝ ինքը ո՞վ է, ուզում եմ հասկանալ: Ո՞վ է նա, նա ոչ մեկ է, իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին լինելն է։ Երբ ինքը գիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ»։

ԱԺ նախագահը խոստովանել է, որ երբեմն իր ելույթներն էլ են սուր ստացվում, բայց գիծ կա, որը երբեք չի անցնում. «Եթե ես այդ գիծն անցնեմ, ես եմ ավելի վատ իրավիճակում հայտնվում։ Ինքն անփորձ ջահել է, հենց ես երկրում չէի, նոր եկավ, ելույթ ունեցավ, բայց էլի գալու է չէ՞ դահլիճ»: