12/07/2025

Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է լուրերին, թե Սիլվա Կապուտիկյան փողոցում՝ Բաղրամյան 26-ի հարևանությամբ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն-հրդեհը, այդ հատվածում կառուցվող շենքերն իրենն են։

Նա տեղեկացրել է, որ այս պահին շարժվում է դեպի Բաղրամյան 26 հասցե։

«Բաղրամյան 26-ի շրջակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառնն այն է, որ ինչ-որ շենքեր են կառուցվել, ճանապարհը փոքրացել է և այլն։ Բայց ուշագրավ է, որ ինչ-որ մարդիկ, ես տեսանյութեր տեսա, ասում են, որ այդ շենքերը պատկանում են ինձ, և ես այդ շենքերի հետ կապ ունեմ, դա իմ շենքերն են։ Հիմա մենք գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքում այդ շենքերի մոտ՝ պարզելու՝ արդյոք Ալեն Սիմոնյանը այդտեղ շենք-շինություն ունի՞, թե՞ չունի, և ի վերջո ում են պատկանում այդտեղ կառուցվող շենքերը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեն Սիմոնյանը ֆեյբուքյան իր էջում հայտնել է, որ փնտրում է այն կնոջը, որը Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյունի դեպքի վայրում լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում արձանագքելով հարցին, թե պայթյունի վայրում գտնվող շենքի երկու հատվածներում առանձնատուն է կառուցվում, հայտարարել է՝ «էն կողքը Ալեն Սիմոնյանինն է, ամբողջ ձմեռ տառապեցինք դրա ձեռքին»։

Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:

Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ հայտնեց Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։

ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ: Նախնական տվյալներով՝ որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի կնոջ լուսանկար և նշել, որ փնտրում է նրան։