20/08/2025

Լավրովից Բարո․ Ինչ է սպասվում Սյունիքում

ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի հայաստանյան այցի շրջանակում որևէ անդրադարձ չեղավ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թեմային:

Համենայն դեպս հրապարակային մակարդակում այդ թեման չի շոշափվել, ի տարբերություն, օրինակ` հունվարին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի:

Այն ժամանակ նշվեց, որ քննարկվել է թեման, կողմերը շարունակում են քննարկումը:

Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ հայտնել էր, որ սպասում է Երևանի արձագանքին: Միրզոյանի մոսկովյան այցից հետո կար տեսակետ, որ հնարավոր է հյուպատոսության հարցի լուծման մասին ազդարարվի Լավրովի երևանյան այցի ժամանակ, քանի որ այդ սպասվող այցի մասին ազդարարվեց հենց Միրզոյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Սակայն գոնե հրապարակային մակարդակում Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին որևէ անդրադարձ չի եղել Կապանում ՌԴ հյուպատոսության թեմային: Իհարկե, բարդ է ասել, թե արդյո՞ք ոչ հրապարակային մակարդակում թեման շոշափվել է, և, եթե այո, ապա ինչի՞ «մասին» է հրապարակային որևէ հայտարարության, անդրադարձի բացակայությունը:

Միևնույն ժամանակ, համանման հարց կա մեկ այլ օրակարգում՝ հայ-ֆրանսիական, և այդ իմաստով հետաքրքիր է, թե արդյո՞ք դրա մասին խոսակցություն կլինի մայիսի 26-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոյի երևանյան այցի ընթացքում:

Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին բարձրաձայնել է դեռ երկու տարի առաջ՝ 2023-ի գարնանը, երբ Հայաստան էր այցելել այն ժամանակ ԱԳ նախարար Կատրին Կոլոնան: Երկու տարի անց, սակայն չկա որևէ շարժ:

Շաբաթներ առաջ Գորիսի քաղաքապետարանը տարածել էր տեղեկություն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դը Կոտինյիի Գորիս կատարած այցի ընթացքում խոսվել է նաև հյուպատոսության մասին: Ֆրանսիական կողմը, սակայն, չէր հանրայնացրել այդպիսի տեղեկություն:

Այդուհանդերձ, բավականին բարձր մակարդակով արտահայտված մտադրությունից երկու տարի անց որևէ տեսանելի և առարկայական շարժի բացակայությունը առաջացնում է հարցեր: Այդ առումով էլ հետաքրքրական է, թե արդյո՞ք Փարիզն ու Երևանը թեման կքննարկեն Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի ընթացքում:

Ավելորդ չէ խոսել այն մասին, որ հյուպատոսությունը լոկ դիվանագիտական ծառայությունների գրասենյակ չէ, այլ, ըստ էության, քաղաքական կամ աշխարհաքաղաքական «նշագիր», որն արտահայտում է շահերի, հետաքրքրությունների որոշակի վեկտոր ու տրամաբանություն:

Այդ տեսանկյունից է հարցը արժանի ուշադրության, նկատի ունենալով այն ավելի լայն հարցերը, որոնք կան ռեգիոնալ օրակարգում և որոնցում հիմնարար հետաքրքրության գոտի է Սյունիքը: