06/06/2025

ՔՊ-ական «բիրդան աղաներն» իրենց զավակների համար են ընդունում այս օրենքը

Կային երանելի ժամանակներ, երբ խորհրդային բանակում ծառայություն չանցած, այսինքն՝ հայրենիքի հանդեպ պարտքը չկատարած երիտասարդին ոչ ոք իր աղջկան կնության չէր տալիս:

Տրամաբանությունն այն էր, որ Հայրենիքի հարգը չիմացողը կնոջ հարգը հաստատ չի կարող իմանալ: Այժմ, կարծես թե, բարքեր ու բարոյականության չափորոշիչներ են փոխվել, եւ բանակից խուսափողները ոչ միայն չեն ենթարկվում հանրային պարսավանքի, այլ, ընդհակառակն, խրախուսվում են որպես աչքաբաց, հնարամիտ, ճարպիկ կամ խոսակցական լեզվով ասված՝ «բաշարող» մարդ:

Այս փոքրիկ, բայց ուսանելի վերհուշը տարիների խորքից մտքիս եկավ, երբ աչքի էի անցկացնում զինծառայության նոր կարգի մասին Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») հեղինակած օրինագիծը, ըստ որի՝ նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն:

Այսինքն՝ առաջարկվող տարբերակներից զինակոչիկը կարող է ընտրել իր ցանկացածը՝ հետեւյալ պայմանով. 1 ամիս ժամկետով ծառայության անցնելու դեպքում պետք է պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ 15 միլիոն դրամ եւ այլն:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծերի փաթեթին, որում կան նաեւ ՀՀ պաշտպանական ու անվտանգային ոլորտին առնչվող մի շարք այլ կարգավորումներ: Դրանք շուտով կդրվեն ԱԺ-ի վավերացմանը, եւ խորհրդարանը՝ ի հեճուկս հանրային ու փորձագիտական շրջանակների դժգոհությունների, իշխող քաղաքական մեծամասնության ձայներով կընդունի վիճահարույց օրինագիծը:

Թե ինչ տեղի կունենա օրենքի ընդունումից հետո, դժվար չէ կանխատեսել՝ բանակում ծառայելը, որ միշտ պատվի հարց է համարվել, կդառնա հանրության չքավոր մասի «մենաշնորհը», որը չի ունենա հնարավորություն՝ մուծելու 15-20 միլիոն գումար: Բանակը հիմնիվեր քանդելու ավելի զազրելի միջոց այս իշխանությունը չէր կարող մտածել:

Եթե երկու բառով փորձենք նկարագրել սույն փաստաթղթի հիմնէությունը՝ սա փողի դիմաց հայրենիքին չծառայելու նախագիծ է: Ադրբեջանի եւ Թուրքիայի պես հարեւաններ ունեցող, առավել եւս՝ դրանց աքցանում պարփակված երկիրը չի կարող իր Զինված ուժերը նման փորձության ենթարկել:

Բայց արտաքին վտանգը դեռ բոլորը չէ, կան նաեւ ներքին մարտահրավերներ: Փողի հիմքի վրա ձեւավորվող անվտանգությունը հասարակությանը բեւեռացման տանող ուղիղ ճանապարհ է՝ սոցիալական մի ջրբաժան, որի մի կողմում նրանք են, ովքեր ի վիճակի են վճարել ու բանակից ազատել իրենց զավակներին, իսկ մյուս կողմում՝ այն ընտանիքները, որոնց որդիների ուսերին է ծանրանալու բանակային ծառայության բեռը:

Բացառությունները չհաշված՝ ունեւորներն այսօր եւս ունեն փողով իրենց զավակներին զինծառայությունից ազատելու հնարավորություն: Եվ ի՞նչ է անում մեր իշխանությունը: Փոխանակ կտրուկ միջոցներ ձեռնարկի ոլորտը կոռուպցիայից ու հովանավորչությունից մաքրելու համար, չգիտես ինչու, որոշում է գնալ խոտոր ճանապարհով՝ օրինականացնել կաշառքը:

Արդյունքում հասարակության բեւեռացումն ավելի է խորանում, իսկ բանակը մնում է բացառապես չքավոր ընտանիքներից զորակոչված տղաների հույսին: Դրանով ոչ միայն խախտվում են արդարության ու հավասարության սկզբունքները, այլեւ բանակը դադարում է լինել որպես ազգը միավորող գործոն՝ փոխակերպվելով, ավելի շուտ, տարանջատող գործոնի:

Հայոց բանակը՝ մեր երկրի աշխարհաքաղաքական բարդ դիրքով պայմանավորված՝ պետք է դառնա հանրային համախմբվածության հենասյունը՝ սա ուղղակի գոյութենական հարց է: Եթե այդ հենասյան կարեւորությանը մոտենանք ինչ-որ «շիշ բռնողների» հաշվենկատ սխեմաների դիտանկյունից, տանուլ կտանք՝ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող դերն ու համազգային բնույթը:

Իրականում նման փաստաթղթերը պետք է նախապես հանրային լայն քննարկում անցնեն՝ մանավանդ, երբ այն առաջարկող եւ վավերացնող կողմն ունի վարկանիշի, ուրեմն եւ օրինակարգության լուրջ խնդիր: Եվ մանավանդ, երբ կա տեսակետ, թե ՔՊ-ական «բիրդան աղաներն» իրենց զավակների համար են ընդունում այս օրենքը: