17/06/2025

Անհետ կորածների համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու նախնական պայմանավորվածություն ունենք․ ԱԱԾ տնօրեն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, անդրադառնալով հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրն ու հնարավոր որոնողական աշխատանքների հետ կապված հարցեր։

Հարցին՝ արդյունքներ ե՞րբ կլինեն, ԱԱԾ տնօրենը պատասխանել է. «Մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք։ Ես չեմ կարող ասել՝ արդյունք կունենանք վաղը, հինգ օր, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ մեր կողմից ամեն ինչ արվում է։

Նախնական պայմանավորվածություն ունենք համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ աշխատանքները շարունակական լինեն։ Ես դրական եմ որակում այդ հանդիպումը»,- ասել է Արմեն Աբազյանը:

***

Հաղորդագրություն է տարածվել, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի՝ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է հումանիտար հարցերում գործակցության հեռանկարը, աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Չնայած այդ հանգամանքին, գործնականում հնարավոր չէ ասել, թե այդ հանձնաժողովների աշխատանքը պրակտիկ ինչ օգուտ է տալիս օրինակ հայաստանցի այն ընտանիքներին, որոնք ունեն 44-օրյա պատերազմում անհետ կորած հարազատներ:

Երբ չկա կոնկրետ արդյունք, ստեղծվում է տպավորություն, որ իրականում չկա հումանիտար հարցերում գործակցության և ոչ մի իրական աշխատանք: Օրինակ՝ միմյանց դեմ արյունալի պատերազմը շարունակող Կիևն ու Մոսկվան իրար հասցնում են ուժգին հարվածներ, միմյանց հղում սուր հռետորաբանություն, բայց նաև կայացնում են հումանիտար համաձայնություններ:

Դրանցից հերթականը Ստամբուլում էր՝ երկու օր առաջ, ռուս-ուկրաինական բանակցային երկրորդ ռաունդում: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում, ըստ էության, չկա հումանիտար ոլորտում առարկայական գործակցության շոշափելի արդյունք:

Դա ստիպում է մտածել, որ այդ հանձնաժողովները կամ պարզապես ցուցանակ են, որ ստեղծում են իբրև թե հումանիտար ոլորտում աշխատանքի տպավորություն, կամ Ադրբեջանի համար չկա հումանիտար հարց՝ բոլոր հարցերը ենթակա են քաղաքական սակարկության, ենթակա են վաճառքի, ունեն քաղաքական գին, հետևաբար պետք է ստանալ այդ գինը և որքան հնարավոր է մեծ գին:

Համենայն դեպս, եթե Ադրբեջանի նպատակը չլիներ հենց դա, ապա հազիվ թե այս ընթացքում չերևար անհայտ կորած անձանց ճակատագրի հարցերում որևէ տեղաշարժ, գրեթե մեկ դրական օրինակ:

Եվ ընդհանրապես, դրական օրինակ հումանիտար գործակցության հարցերում: Ադրբեջանի համար դրանից խուսափելը, թերևս, ունի սկզբունքային նշանակություն նաև այն իմաստով, որ հայկական կողմի հետ հումանիտար օրակարգի շուրջ կայուն խոսակցությունն ու աշխատանքը կարող է «կոտրել» այն պաշտոնական հայատյացության և առավելապաշտության շրջանակը, որ իր հանրային «մտքին» և «հոգեբանությանն» է հագցրել Ադրբեջանի իշխանությունը տարիներ շարունակ:

Իլհամ Ալիևը վախենում է, որ հումանիտար օրակարգի հարցում քաղաքական առավելապաշտություն չդրսեւորելը կարող է ադրբեջանական հանրության մոտ ընկալվել «թուլության նշան»:

Այլ կերպ ասած, ադրբեջանական պաշտոնական խոսույթն ու գաղափարական նարատիվները Իլհամ Ալիևի նախագահության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում ձևավորվել են այնպիսի տրամաբանությամբ, որ հակամարտության քաղաքակիրթ որևէ դրվագ, իսկ կարող է ընկալվել որպես սպառնալիք այդ նարատիվներին: