Նիցցայում կայացած՝ օվկիանոսի հարցերով ՄԱԿ համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Տաջիկստանի նախագահների հանդիպում, որի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերության լայն օրակարգ, ընդհուպ անվտանգության, ահաբեկության դեմ պայքարի հարցեր:
Հիշեցնեմ, որ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ պետություն է: Այդ երկրի նախագահ Ռահմոնը մասնակցելով Նիցցայում համաժողովին և հանդիպելով Ֆրանսիայի նախագահի հետ, նրան հրավիրել է Դուշանբե:
Ինչպե՞ս է վերաբերելու Տաջիկստանի այդ քայլին Ռուսաստանը, որի արտաքին գործերի նախարար Լավրովը Երևանում դժգոհում էր, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում իր բնորոշմամբ՝ Ռուսաստանին թշնամական դիրքավորված Ֆրանսիայից:
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին: Այստեղ, սակայն իրավիճակը ավելի բազմաշերտ է, քան լոկ այդ ասպեկտը: Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի այն երկիրն է, որն առավելագույնս մոտ է Իրանին:
Խոսքը աշխարհագրության մասին չէ, այլ այսպես ասած՝ էթնո-մշակութային, քաղաքական բաղադրիչների: Իրանը բավականին շոշափելի ներկայություն ունենալով Տաջիկստանում, փորձում է այդպիսով իր դերն ապահովել Կենտրոնական Ասիայում և դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներում:
Ըստ այդմ, այստեղ էական է դառնում նաև, թե Տաջիկստանի և Ֆրանսիայի հարաբերության խորացման հնարավորությունը կամ օրակարգը ինչպիսի ընկալման և վերաբերմունքի կարժանանա Թեհրանում:
Առավել ևս, որ վերջին շաբաթներին կարծես թե լարվեց ֆրանս-իրանական հարաբերությունը, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն Կաննի կինոփառատոնում իրանցի այլախոհ ռեժիսոր Փանահիի ֆիլմի հաղթանակի առնչությամբ խոսելով, արել էր Իրանի վարչակարգի հանդեպ խիստ արտահայտություններ, որոնք հարուցել էին պաշտոնական Թեհրանի դժգոհությունը:
Իրանի ԱԳՆ էր հրավիրվել Ֆրանսիայի դեսպանը, իսկ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել էր, որ Փարիզը չունի Իրանին որևէ բան հուշելու բարոյական իրավունք: Բարեբախտաբար, իրան-ֆրանսիական լարվածությունը, կարծես թե, չունեցավ նոր ծավալումներ, ինչը, անշուշտ, առնվազն շոշափելի անհարկի անհարմարություն կարող էր առաջացնել նաեւ Հայաստանի համար:
Իսկ հնարավո՞ր է, որ Դուշանբեն Փարիզ հետ երկխոսությունը խորացնելու համատեքստում փորձի նաև դառնալ Թեհրանի հետ հաղորդակցության «կամուրջ»:
Ի դեպ, այդ իմաստով թերեւս պետք է փութաջան գտնվեր նաև Հայաստանը: Առավել եւս, որ ընդհանրապես Ֆրանսիայի ռեգիոնալ հետաքրքրությունների օրակարգում ելակետայինը հաղորդակցության ուղիների համար համաշխարհային պայքարն է, որտեղ Փարիզը կամ պետք է առանց այլընտրանքի պայմանավորվի Անկարայի ու Բաքվի հետ՝ Պակիստանն էլ թերևս ներառյալ, որը Հնդկաստանի հետ դիմակայությունում հարված հասցրեց ֆրանսիական սպառազինության իմիջին, կամ պետք է նվազագույնը Իրանի հետ կոմունիկացիայով կարողանա ստեղծել այլընտրանք և, հետևաբար մանևրի տարածություն:
Բաց մի թողեք
Եվրոպացիները տարակուսած են. Իրանի ճգնաժամի լուծումը պետք է հանգեցնի տարածաշրջանում լարվածության թուլացմանը. G7. Տեսանյութ
Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված, Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից, գերադասում է երկկողմանի ձևաչափը
Ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել Հնդկաստանն ու Հայաստանը