16/06/2025

Հայկ Սարգսյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները գերլարված են, ու գնալով ավելի են սրվում:

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ զինծառայողներին «բանակային մենյուի» նման, գնացուցակով բանակից ազատելու վերաբերյալ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չէ, քանի որ Սարգսյանը համարձակվել է առանց իր հետ քննարկումներ ունենալու, համաձայնեցնելու, նախագիծ մշակել, ուղարկել Կառավարություն ու դրական եզրակացություն ստանալ:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Հայկ Սարգսյանը որոշել է արդեն նախագիծը քննարկել Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում, վերջինս Սարգսյանին հորդորել է նիստի օրակարգում չընդգրկել հարցը, մինչեւ ինքն ԱՄՆ-ից չվերադառնա: Սարգսյանը չի ենթարկվել Քոչարյանի հրահանգին, ու դիմելով հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին՝ խնդրել է այն օրակարագում ընդգրկել: Անդրանիկ Քոչարյանն էլ, ԱՄՆ-ում տեղեկանալով այդ մասին, զանգահարել է Արմեն Խաչատրյանին, բղավել ու պահանջել անմիջապես չեղարկել նիստը:

Խաչատրյանը, բնականաբար, ենթարկվել է Քոչարյանին: Անգամ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, երբ եկավ ԱԺ, նրան հետ ուղարկեցին թե՝ նիստը չեղարկվում է: Երեկ արդեն Պապիկյանն անձամբ չէր էլ եկել. հայտարարվեց, որ հիվանդ է:

Ներիշխանական բախումները, կարճ ասած, խորանում են, եւ էլի հաղթեց Անդրանիկ Քոչարյանը: Հայկ Սարգսյանի նախագծի երկար քննարկումներից հետո Անդրանիկ Քոչարյանի ջանքերով նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, իսկ նախագծի քննարկման ողջ ընթացքն ուղեկցվում էր Քոչարյան-Սարգսյան թեժ վիճաբանություններով:

Կարճ ասած՝ հանրության ընկալման մեջ հայտնի «Շիշ բռնողը» եւ ՔՊ-ականներից շատերի կողմից «ծեր աղվես» որակվածը մենամարտի են ելել: Առաջին ռաունդում 1:0 է՝ հոգուտ խորամանկ կենդանու»։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։

«Հրապարակ» թերթը գրել է․ Ըստ ԱԺ կանոնակարգ- օրենքի՝ ձեռնպահն ավելի մոտ է դեմ դիրքորոշմանը, ուստի ձայները հավասարվեցին, եւ նախագիծը չանցավ։ Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ՔՊ-ականները, մեղմ ասած, կերան իրար, Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ, իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին, մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել, եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։

Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կա՛մ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կա՛մ էլ Փաշինյանը, սովորույթի համաձայն, սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաեւ հարվածելու է իշխանության ռեյտինգին, ու «զադնի է դրել»` մերժելու գործը բարդելով խմբակցության ուսերին։ Մենք նախապես գրել էինք, որ ՔՊ-ում մեկ մարդու պես դեմ են նախագծին, խմբակցության փակ նիստում նրանք հորդորել էին պատգամավորին` հետ կանչել կամ խմբագրել նախագիծը, հատկապես որ պարզվել էր` ԶՈՒ գլխավոր շտաբն ի սկզբանե դեմ է եղել դրան։