16/06/2025

ՀՀ ԱԳՆ հակաիսրայելական դուխով հայտարարությունը Թուրքիայո՞ւմ է գեներացվել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ-մեկ զարմացնում է նորություններին հետևող հայաստանցիներին: Դա դսևորվում էր այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ երբեմն բարձրաձայնում է ճշմարտություններ: Այն, ինչ ինքն իրեն թույլ տալ չի կարող ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Հրապարակ թերթը գրել է. Ու այդպիսով որոշակի չեզոք բալանսի է բերում վերը նշված անձի խիստ ադրբեջանամետ դիրքորոշումը: Բայց այն զարմանալի է թվում միայն առաջին հայացքից, իսկ իրականում դա գիտակցված վարքագիծ է:

Ինչը նպատակ ունի նահանջների արանքում երբեմն-երբեմն արևելյան բռնապետին դիմադրելու հնարավորություն ապահովել իր համար: Թե որքան է այդ քաղաքականությունն արդյունավետ՝ այլ հարց է: Բայց որ դա հենց այդպես է՝ կասկածից դուրս է, քանի որ վարչապետի կամքը կյանքի կոչող ԱԳՆ-ի դեպքում իրական հակասություն լինել ուղղակի չի կարող:

Այն էլ Հայաստանի նման երկրում, որտեղ ժողովրդավարության անվան ներքո առկա է մեկ անձի լիակատար իշխանություն: Որտեղ անկախ սահմանադրական մարմնի (ԲԴԽ) ղեկավար է «ինքնակամ» պաշտոնանկ լինում՝ վարչապետի հեռախոսից ստացված «sms»-ի ուժով:

Այս անգամ գրագետ մարդուն զարմացնելն առնչվում էր Իրանի առումով Իսրայելի ռազմական գործողությանը: Դրան ԱԳՆ-ի արձագանքը խիստ ադեկվատ էր: Այդ իրադարձությունն ԱԳՆ-ն գնահատել էր որպես թշնամական և դատապարտել այն:

Հիշատակվել էր նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային հաջորդ փուլի նախաշեմին դրա վտանգավոր բնույթը: Եվ ընդհանրապես դրա բացասական ազդեցությաւնը տարածաշրջանային կայունության և գլոբալ խաղաղության առումով։ Գլոբալ խաղաղության առումով ոչինչ ասել չեմ կարող, բայց Հայաստանի հարավային  սահմանին այդքան մոտ ավիահարվածները չեն կարող չվնասել տարածաշրջանային կայունությանը:

Ենթադրում եմ, որ հենց այդ արձագանքի ազդեցությամբ է երկուսուկես ժամ անց կայացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներից մեկի ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հանդիպումը։

Թեև այդքան էլ հասկանալի չէ նման հանդիպման համար ո՛չ ոլորտային չինովնիկի ընտրությունը և ո՛չ էլ Իրանի համար ծանր այս ժամանակահատվածում «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը քննարկելը:
Բայց այս հարցում առկա է մեկ այլ կարևոր հանգամանք:

ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ լուրը «hraparak.am»-ը դրել է հունիսի 13-ի ժամը 11.38-ին: Դրանից 20 րոպե առաջ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքէջում տեղադրվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը իսրայելական ավիահարվածները որպես սադրանք դիտարկելու և այն դատապարտելու մասին:

Եվ եթե դրան գումարենք նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից մեզ «ավետված» այն լուրը, որ վերջինս օրական կտրվածքով է շփվում իր թուրք գործընկերների հետ, ապա չեմ կարող չենթադրել, որ ՀՀ ԱԳՆ-ի հակաիսրայելական «դուխով» հայտարարությունը գեներացվել է թուրքական մայրաքաղաքում:

Այդ ենթադրության համար հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ԱԳՆ-ի ինքնուրույն քայլն Արևմուտքում չէր ընկալվի: Իսրայելի ռազմական գործողությանը, նախորդ օրվա դրությամբ, աջակցություն էին հայտնել ԱՄՆ նախագահն ու ՄԹ վարչապետը, ինչպես նաև Իտալիայի վարչապետն ու Նիկոլի հոգեկից ընկեր, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:

Ենթադրաբար հենց վերջին հանգամանքն է պատճառ հանդիսացել, որպեսզի հայտարարության հաջորդ օրն Իրանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյան Արարատը ցածրացներ հակահրեական տոնայնությունը: Վերջինս, ըստ X հարթակի իր էջի, «ընդգծել է տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը»:

Նախ, ի՞նչ է նշանակում ռիսկեր կառավարելն ու էսկալացիայից խուսափելը, եթե Իսրայելը որոշել է ոչնչացնել Իրանի ռազմամիջուկային բնագավառը: Դա առաջին հերթին, այնուհետև հարվածներ հասցվեցին քաղաքացիական նթակառուցվածքներին: Եվ երկրորդ, Իրանը Հայաստան չէ, որպեսզի վերջինիս համար կիրառելի լինի պարտվողական դիրքերից ռիսկեր կառավարելն ու էսկալացիայից խուսափելը:

Չգիտեմ, դա գիտակցել է, թե ոչ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը, չնայած գիտակցելու համար մեծ խելք պետք չէր: Իսկ եթե գիտակցելով հանդերձ նման հիմար հորդոր է արել իր գործընկերոջը, ապա դա նշանակում է, որ իր ղեկավարը համապատասխան հրահանգ է ստացել Արևմուտքից, կամ առնվազն Փարիզից:

ՀԳ. Պարզվում է, որ այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ պետական դրոշի օրն է, թեև այն առկա չէ ՀՀ տոնացույցում: ԱՄՆ դեսպանատնից ստացված շնորհավորանքը դրդեց որոնում կատարել համացանցում: Ըստ այդմ, Դրոշի մասին առաջին օրենքն ընդունվել է 1990 թ.-ի օգոստոսի 24-ին Գերագույն խորհրդի կողմից, իսկ երկրորդը՝ 2005-ին ՀՀ Սահմանադրության ընդունմամբ պայմանավորված,  2006 թ.-ի հունիսի 15-ին Ազգային ժողովի կողմից:

ԱՄՆ-ում Դրոշի օրը տոնվում է հունիսի 14-ին՝ 1777 թ.-ի այդ օրը դրոշն ընդունելու կապակցությամբ: Որպես դաշնային տոն նշվող այդ օրը, սակայն մնում է աշխատանքային օր: