02/07/2025

Նիկոլ Փաշինյանը սկսել է ձերբակալում է ռուսամետ արքեպիսկոպոսներին. Բաքուն հրճվում է

Մայր Աթոռում տեղի ունեցող խայտառակ իրադարձություններին, ինչպես ենթադրվում էր, հատուկ ուշադրությամբ և առավել ևս հրճվանքով են հետևում Ադրբեջանում:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին ձերբակալելու որոշման մասին՝ դատարան դիմելու նպատակով՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, գրում է ադրբեջանական առաջատար ԶԼՄ-ներից Հաքին.ազ-ը՝ հղում անելով հայկական տեղեկատվական բաց ռեսուրսներին:

Կայքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ձերբակալել ռուսամետ արքեպիսկոպոսներին՝ ակնարկելով ՀՀ իշխանությունների կողմից հրապարակ նետված տխմար թեզը, թե այսպես կոչված «Հեղաշրջման պլանը» ռուսական կողմի նախաձեռնությունն է, իսկ հոգևոր բարձրագույն դասն առնչակից է դրան:

«Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ իրավիճակի սրումից և չխառնվել անվտանգության ուժերի գործողություններին։ Արքեպիսկոպոսին կոչ են արել «չթաքնվել իրավապահ մարմիններից» և ներկայանալ ԱԱԾ աշխատանքային խմբին, որը նրան սպասում է կաթողիկոսական նստավայրի բակում»,- շարունակում է Հաքին.ազ-ը։

Ադրբեջանական իշխանամետ կայքը նաև նկարագրում է, որ իշխանությունները փակել են հավատացյալների մուտքը Էջմիածին, իրավապահների, քաղաքացիների և հոգևորականների միջև բախումներ են տեղի ունենում։

Բացի այդ, ոստիկանությունը խուզարկում է Էջմիածին ուղևորվող մեքենաները, հավելում է կայքը: