11/07/2025

Ովքեր են ձերբակալվել. նոր մանրամասներ

Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

«Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ձերբակալվածները դաշնակցական երիտասարդներ են՝ Արսեն Մարտոյան, Վահագն Մատինյան, Տարոն Մանուկյան, Գարեգին Ոսկանյան, Ալեքսան Ասատրյան։