27/07/2025

Եւ ինչպե՞ս կարող է արդարության եւ հավատքի մասին խոսել մեկը, ով հայտարարում է, թե արցախյան շարժումն իր որոշմամբ արգելվել է

Ասուլիսում հնչած հարյուրավոր մանիպուլյատիվ, դեմագոգիկ ու երեսպաշտ հայտարարությունների մասին կարելի էր հատորներ գրել։

Հրապարակ թերթը գրել է․ Մեկ միավոր խոսքի մեջ այդքան շատ էթիկայի, օրենքների, իրավունքի ոտնահարումն ուղղակի աներեւակայելի բան էր եւ նյարդերդ էլ չեն հերիքում, որ բոլորը լսես, ուստի միայն մեր լրագրողի հարցին ի պատասխան հնչած հիմարություններին ու դեմագոգիային կանդրադառնամ։

Ասում է՝ ի՞նչ ա նշանակում աղոթել մի մարդու հետ (Գարեգին Բ-ի մասին է խոսքը), ով Աստծուն չի հավատում։ Մարդը հավատաքննիչ է՝ զրուցել է, թափանցել է մարդու հոգու խորքը, բացահայտել է, որ նա չի հավատում Աստծուն։ Եւ սա ասում է սաղմոս կարդալուց, իր հավատավոր լինելու մասին մի ողջ տրակտատ արտասանելուց հետո, առանց հասկանալու, որ հավատավոր մարդը մեկ այլ անձի հավատքի մասին նման դատողություններ չի անում, առհասարակ՝ հավատքի թեման քննարկման ենթակա չի։

Խորամանկ ու շատ բան իմացողի տոնով ասում է՝ գիտե՞ք եկեղեցու սպասավորներն ինչ են խոսում «Կտրիճ Ներսիսյանի» մասին։ Հավատավոր, իմա՝ պարկեշտ մարդը չի բամբասի, բամբասանքներին չի հավատա, ավելի շատ կխորհի, թե իր մասին ինչ են խոսում իր նեղ շրջապատում, իր կողմից ստրկացված ՔՊ-ականների շրջանում։

Հետո անցնում է բարերարության եւ Սամվել Կարապետյանի թեմային։ Հպարտորեն ասում է՝ ես էդ ստատուսները թաքուն չեմ գրել, չէ՞։ Ոչ, թաքուն չես գրել, այլ բոլորի աչքի առաջ տապալել ես Սահմանադրական կարգը, գերազանցել քո իրավասությունները, ուղիղի հրահանգներ ես իջեցրել դատախազին ու ԱԱԾ ղեկավարին, որին հաջորդ օրն ազատել ես՝ ասածդ չանելու համար։ Եւ այդ բոլորը Քրեական օրենսգրքով պատժելի ծանր արարքներ են։

Ասում է՝ պողպատե մանդատը գործելու է, սպառնում է՝ դեռ կպարզենք, թե ինչքան վնաս է պատճառել Կարապետյանը հայ սպառողին։ Այսինքն, ոչ միայն օրեր առաջ է օրենք ու Սահմանադրություն խախտել, այլ շարունակում է դա անել՝ սպառնալ ու միջամտել իրավապահ համակարգի գործառույթներին։

Հետն էլ իբր շատ անհանգիստ է, որ Հայաստանում արդարություն եւ արդարադատություն չկա՝ «չի համապատասխանում ժողովրդի ընկալումներին»։ Իսկ ինչպե՞ս կարող է արդարություն ու արդարադատություն լինել, եթե քո նման, կներեք ատահայտությանս համար, անգրագետ բարբարոսն այսպես կոպտորեն միջամտում է այդ համակարգի աշխատանքին։

Երբ «արդարությունը» սկսում են հաստատել Եկեղեցու օգտին ասված մի անմեղ նախադասությունից հետո՝ քո անմիջական հրահանգով։ Երբ մարդկանց «վառված» սառնարանների մասին հեքիաթները պատմվում են, երբ որոշում եք ՀԷՑ-ը խլել սեփականատիրոջից։

Եւ ինչպե՞ս կարող է արդարության եւ հավատքի մասին խոսել մեկը, ով հայտարարում է, թե արցախյան շարժումն իր որոշմամբ արգելվել է, ինքը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, բայց ափսոս, որ դա ուշ է արել։ Եւ հիմա էլ պատրաստվում է Հայաստան պետության ֆունկցիաներն արտապատվիրակել ինչ որ ամերիկյան կազմակերպության, լիզինգով կամ աութսորսինգով օտարին հանձնել Հայաստանից մի հատված, որ իր սիրելի Ալիեւն ու Էրդողանն ուղիղ կապ ունենան միմյանց հետ։

Արմինե Օհանյան