Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը եւ Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադեւոսյանն այսօր այցելել են հիվանդանոցում գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրեր առաջ կալանավորվել էր, փոքրիկի հետ տեղափոխվել բանտ, որտեղ էլ երեխան փորլուծություն ունենալու պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց։
Այցի վերաբերյալ Գալյանը գրել է. «Այսօր այցելեցի «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ:
Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը:
Սիրելիներ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ունի մոր և մանկան համար առանձնացված հատված, որտեղ միմյանցից առանձին պատիժ են կրում երկու այլ կանայք` իրենց մոտ ունենալով մինչև երեք տարեկան երեխա: Նշված հատվածում առկա է նաև խոհանոց՝ կահավորված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով:
Նշված հատվածի բոլոր սենյակները վերանորոգված են և ապահովված են շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարմամբ, կահավորված են մանկական մահճակալներով, ինչպես նաև երեխայի հիգիենայի կազմակերպման անհրաժեշտ պարագաներով:
Սահմանված ընթացակարգերի համաձայն՝ մինչև երեք տարեկան երեխա ունեցող բոլոր կանանց տրվում են նաև երեխայի համար նախատեսված անհրաժեշտ սնունդ, հիգիենայի պարագաներ, մանկական հագուստ, իսկ նրանց հասանելի զբոսանքը տրվում է մասնաշենքի առջևի հատվածում գտնվող ոչ զբոսախցային բաց տարածությունում:
Պետության պարտականությունն է ապահովել անվտանգ միջավայր յուրաքանչյուր երեխայի համար, նույնիսկ՝ քրեակատարողական հիմնարկի պատերից ներս։ Այս համատեքստում Քրեակատարողական ծառայության ղեկավարի հետ քննարկեցինք երեխաների և կանանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման և շարունակական աջակցության ցուցաբերման հարցերը»։
Տարածվել է նաեւ տեսանյութ, որտեղ ոչ Գալյանը, ոչ Թադեւոսյանը եւ ոչ էլ հիվանդանոցի տնօրենը համապատասխան հանդերձանքով չեն։ Գալյանը երեխայի մոտ` հիվանդասենյակ է մտել «ջինսե տաբատով»` չկրելով ոչ դիմակ, ոչ էլ բժշկական խալաթ։ Մինչդեռ հատկապես փոքրիկներին եւ հատկապես աղիքային խնդիրներ ունեցող անձանց այցելելը պետք է լինի խիստ հիգիենիկ եւ պատշաճ։
Բաց մի թողեք
Բագրատ և Միքայել Սրբազանները կմասնակցեն Վարդավառի տոնի պատարագին, որը կմատուցվի ՔԿՀ-ում
Գրիգոր Տեր- Ղազարյանը հեռացրել է ՀԷՑ-ը գնելու հերքման տեքստը
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է