Նախօրեին իշխանական պատգամավոր Նարեկ Գալստյանի քավորությամբ կնունքի ծեսը Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել էր կատարել, քանի որ ՔՊ-ականը Վեհափառ հայրապետին աշխարհիկ անունով է դիմել, սպառնացել՝ պարանոցից բռնած, դուրս շպրտել Վեհարանից:
Հրապարակ թերթը գրել է․ Այս միջադեպը, որն իշխանության վարած այլանդակ քաղաքականության ուղիղ հետեւանքն է, ՔՊ-ականների կյանքում, հավանաբար, վերջինը չի լինի, որոնք առանց աչք թարթելու լծվում են Փաշինյանի ամենախայտառակ ձեռնարկների սպասարկմանը: Եվ ցուցիչ է այն բանի, որ ՔՊ-ականները քաղաքական միջավայրից դուրս՝ անձնական կյանքում հնձում են այն դառը պտուղները, ինչ ցանել են՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք:
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանին խնդրեցինք մասնագիտական աչքով վերլուծել տեղի ունեցածը: Նա նախ Եկեղեցու դեմ իշխանության հայտարարած պատերազմին անդրադարձավ՝ շեշտելով, որ սկզբունքորեն եւ մասնագիտորեն դեմ է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ պետական իշխանության առաջին դեմքերի հրապարակային ոտնձգություններին, որոնք միտումնավոր խախտում են ոչ միայն բարոյականության, այլեւ ազգային անվտանգության, հանրային համերաշխության սկզբունքները, վնասում ազգային շահերին:
«Ցանկացած համակարգ, այդ թվում՝ հոգեւոր բնույթի, կատարյալ չէ եւ զերծ չէ թերություններից, սակայն դրանք ուռճացնելու, հանրայնացնելու, հայհոյանքներով եւ անձնական վրեժխնդրությամբ ուղեկցելու ՀՀ գործող իշխանությունների առանձին ներկայացուցիչների վատ սովորությունն ուղիղ սպառնալիք է ՀՀ տեղեկատվական անվտանգությանը, միջազգային համբավին, ազգային համերաշխությանը: Դարձյալ՝ ինչպես ցանկացած համակարգ, Հայ առաքելական եկեղեցին կարող է ունենալ խնդիրներ, դժվարություններ, թերություններ, որոնք անհրաժեշտ է կարգավորել, իսկ հաշվի առնելով Եկեղեցու էութենական բնույթն ու դերակատարումը հայ ազգային ես-ի, ինքնության կառուցման եւ պահպանման գործում, դա պետք է անել զուսպ, ոչ հրապարակավ, մասնագիտորեն՝ չվնասելով համակարգի կայունությանն ու համբավին»,- ասում է Աթանեսյանը:
«Հոգեւորականներին միշտ համեմատել եմ բժիշկների հետ. նույնպես բժշկում են, օգնում, մարդու կողքին են նրա ծնվելու եւ ապա՝ կյանքից հեռանալու ժամանակ: Իրենց ծառայությունը չեն գովազդում, չեն գովերգում: Լավ է այն բժիշկը, որն զբաղված է բուժումով եւ ոչ թե ինքնագովեստով: Լավ է այն հոգեւորականը, որը մարդկանց կողքին է, համայնքում է, եկեղեցում, փողոցում, հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում, բանակում՝ այնտեղ, որտեղ իր կարիքն ունեն, եւ ոչ թե այնտեղ, որտեղ ինքն է ուզում գնալ: Այո, Հայ առաքելական եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, բայց ո՛չ հանրային, հատկապես՝ իշխանական մեղադրանքների, պարսավանքի, հայհոյախառն լեզվակռվի: Փորձեք երեխային մեղադրանքներով եւ հայհոյանքներով դաստիարակել՝ վրան բղավել, հայհոյել, սպառնալ… Ցավոք, այսօր հանրային դաշտում այդպես խոսողների բազմությունը, հավանաբար, հենց այդպես է «դաստիարակվել», բայց, ինչպես ասում են անգլիացիները, որեւէ նորմալ տանը չի ընդունվի, այդ թվում՝ եկեղեցում»:
Սոցիոլոգն ասում է՝ հոգեւորականների հետ քննարկումներից եւ ամենօրյա դիտարկումներից պարզ է դառնում, որ մարդկանց մոտեցումներն ու վերաբերմունքը Եկեղեցուն եւ հոգեւորականներին ավելի ու ավելի հաճախ է սպառողական դառնում. նրանց վերաբերվում ենք՝ ինչպես ծառայություններ մատուցողներին, օրինակ՝ ռեստորանին, որտեղ կարելի է գալ, նստել, պատվիրել, ուտել, վճարել, հավանել կամ չհավանել, նորից գալ կամ մեկ այլ տեղ գնալ:
Նրա խոսքով, որոշ հոգեւորականներ գուցե այդ վերաբերմունքին նպաստել են, բայց չկա առաջարկ՝ առանց պահանջարկի:
«Եկեղեցին որպես սպառման օբյեկտ ընկալելով, այն սկսել ենք ոչ միայն գովել, այլեւ անպատվել՝ մոռանալով, որ խանութ, ռեստորան չէ. սրբավայր է, հոգեւոր օջախ: Եթե Եկեղեցուն այդպես վերաբերվենք, այդպիսին կլինի: Եվ, ահա, այդ ամենին ի պատասխան, հոգեւորականները սկսել են իրենց կարծիքը բարձրաձայնել, խոսել, պատասխանել՝ հանդես գալ հանրային ելույթներով, ոմանք նաեւ իրենց համայնքում իրենց հայհոյողներին ճանաչելով՝ հրաժարվել են ծես կատարելուց: Իրավունք ունե՞ն հանրային ելույթների, հայտարարությունների, առհասարակ՝ հանրային դաշտում լինելու եւ գործելու: Անշուշտ, այդ թվում՝ ելնելով իրենց առաքելությունից եւ խոսքի ազատությունից: Իսկ իրավունք ունե՞ն հրաժարվելու, օրինակ, կնունքի կարգ կատարելուց: Բժիշկն այդ իրավունքը չէր ունենա. պարտավոր է բուժել, անգամ՝ իր թշնամուն, եթե դիմել է: Հոգեւորականը, կարծում եմ, նույնպես ունի կարողություններ, գիտելիքներ, իրավունք՝ Եկեղեցու եւ հոգեւորականների հանդեպ հարգանք սերմանելու, սակայն ծառայություն չմատուցելը, մարդուն մերժելը վերջին հանգրվանը պետք է լինեին: Այն, որ Եկեղեցու հանդեպ անընդունելի եւ քննադատելի վարքագիծ դրսեւորողը եկել է եկեղեցի, հնարավորություն է՝ իր հետ աշխատելու, իր վրա ներազդելու: Եթե հաղորդակցման, քննարկման, համոզման, ներազդման բոլոր ընդունելի միջոցները սպառված են, ապա, անշուշտ, հոգեւորականներն ունեն նույն իրավունքները, ինչ ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ չհաղորդակցվելու, չհարաբերակցվելու: Սակայն գուցե հենց նման բացասական «սպառողներն» են այն փորձությունը, որ ուղարկվում է հոգեւորականին՝ ստուգելու եւ ամրապնդելու իր կայունությունը, հմտությունը, մարդկային եւ հոգեւոր որակները»,- կարծում է Արթուր Աթանեսյանը:
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է