17/09/2025

Որքան իրական, պայքարող քաղաքական ուժեր լինեն, այնքան Փաշինյանին հեռացնելու մթնոլորտն ավելի բարենպաստ կլինի․ Սաղաթելյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի կիսում այն տեսակետը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի թողնել իշխանությունը։

Ըստ Սաղաթելյանի՝ վարչապետի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահմանը և նորից վերարտադրվելու փորձերին։ Նա նաև անդրադարձավ Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին խոսակցություններին՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը դրական է վերաբերվում ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր շարժումներին։

Նրա խոսքով, ընդդիմադիր ուժերի բազմազանությունն ու կազմակերպվածությունը կարող են նպաստել իշխանության փոփոխությանը․ «Որքան իրական, պայքարող քաղաքական ուժեր լինեն, այնքան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մթնոլորտն ավելի բարենպաստ կլինի։ Ոչ խանդով ենք վերաբերվում, ոչ էլ չարությամբ։ Ընդհակառակը՝ ողջունում ենք ընդդիմադիր դաշտում ձևավորվող նախաձեռնությունները»։

Փաշինյանը երկրում բոլոր դիմադրության օջախները ոչնչացնելու և ապագայի զիջումները, անփորձանք իրականացնելու համար վերացնում է դիմադրության առկա  օջախները, փորձում է կանխել նաև հավանական փողոցային և քաղաքական պայքարը, որը կարող է տեղի ունենալ:

Իշխան Սաղաթելյանը մանրամասնել է․ «Բայց դրան զուգահեռ իր ռեպրեսիաները, բռնությունները, ձերբակալությունները հիմնավորելու համար դնում է քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների վրա շատ ծանր մեղադրանք, օրինակ, ահաբեկչության նախապատրաստում։ Դրա համար ոչ մի հիմք չկա։ Ինքը ընդդիմության նկատմամբ բռնությունները լեգիտիմացնելու համար այդպես ծանր մեղադրանքներ է մեջտեղ բերում, այդ թվում նաև փորձելով ներկայացնել, որ վրացական սցենար է Հայաստանում տեղի ունենում, ռուսական գործակալական ցանց է բացահայտել։ Այսինքն իր իշխանության վերարտադրությունը և ընդդիմադիրներին բանտարկելու, բռնաճնշելու փորձերը լեգիտիմացնելու համար, ինքը հորինել է այդ մեղադրանքները, որը նաև փորձում է ընկալելի դարձնել միջազգային հանրության համար»։