23/07/2025

«Շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար». Թրամփը կիսվել է Ալիևի ելույթի՝ իրեն ուղղված հատվածով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կիսվել է Շուշիի III գլոբալ մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի մի հատվածով, որում Ալիևը գովեստի խոսքեր է հղում Թրամփին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության հասնելու հարցում օգնելու համար։

Մասնավորապես, Ալիևն ասել է, որ «չի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասել եմ, որ դա նախընտրելի կլինի ադրբեջանական ժողովրդի համար՝ հաշվի առնելով, որ նա, ինչպես մենք, կիսում է հիմնարար արժեքներ, այդ թվում՝ ընտանեկան արժեքները։ Նա ԱՄՆ նախագահներից միակն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ իր կարճատև իշխանության ընթացքում երևում է, որ նա մարդ է, որը վերջացնում է պատերազմները»:

«Մենք նաև շատ շնորհակալ ենք նրան անձամբ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար՝ վերջիվերջո հասնելու համաձայնության։ Չնայած այն բանին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, նա նաև իր տեսադաշտում է պահում Հարավային Կովկասի իրավիճակը։

Մենք՝ Ադրբեջանում, իհարկե, ուրախ ենք, որ նա հաղթեց՝ բազմաթիվ պատճառներով, և, բնականաբար, մաղթում ենք, որ նա գործը մինչև վերջ հասցնի, հատկապես «վաշինգտոնյան ճահճի» հարցում, որպեսզի այն չորացնի մինչև հատակը»,- հայտարարել էր Ալիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ սոցիալական ցանցի էջում իր ելույթով կիսվելու համար։

Թրամփն ավելի վաղ իր էջում տարածել է Ալիևի ելույթի այն դրվագը, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնում ԱՄՆ ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերի համար:

«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր սոցիալական ցանցում ԱՄՆ-Ադրբեջան գործընկերության վերաբերյալ իմ ելույթը կիսելու և Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իմ կողմից ներկայացված խաղաղության օրակարգին թե՛ գլոբալ, թե՛ մեր տարածաշրջանում նրա նվիրվածության համար։

Ես կցանկանայի վերահաստատել մեր աջակցությունը նախագահ Թրամփի տեսլականին և նրա ջանքերին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խթանելու համար։ Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթների կարևորությունը, և մենք շարունակում ենք հույս ունենալ, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նրա նախագահության ընթացքում կհասնեն նոր մակարդակի»,- նշել է Ալիևը «X»-ի իր միկրոբլոգում։

Ադրբեջանի նախագահը նաև մաղթել է Թրամփին շարունակական հաջողություններ այս նպատակին հասնելու բոլոր ջանքերում։