«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
– Նիկոլ Փաշինյանն անգամ կիրակի օրը կամ արձակուրդի մեջ գտնվելով չի դադարում թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Վերջին գրառումն այն մասին էր, որ պատրաստվում է Վեհարանն «ազատագրել» եւ իր աջակիցներին հրավիրում է «հոգեւոր հանդիպման»` Էջմիածնի հրապարակում: Ի՞նչ եք կարծում` Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել, նրա սիրտը քաղաքացիական բախումնե՞ր է ուզում:
– Թեպետ ես իրավաբան չեմ, միեւնույն ժամանակ Հայաստանում կան բարձրակարգ, պրոֆեսիոնալ իրավաբաններ, սահմանադրագետներ, սակայն անզեն աչքով երեւում է, որ այն, ինչ անում են, հակասահմանադրական է, քանզի Եկեղեցին եւ պետությունն անջատ են իրարից, եւ ոչ մի երկրի ղեկավար չի կարող քիթը մտցնել Եկեղեցու ներքին հարցերի մեջ: Եթե աշխարհիկ իշխանությունը որոշել է նման կոպիտ, տգեղ, լկտի ձեւով միջամտել Եկեղեցու գործերի մեջ, ակներեւ է, որ սահմանադրական կարգը հերթական անգամ տապալում են: Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում եմ այս այլասերվածության մաս դառնալ, պետք է գիտակցեն, որ ներքաշվում են հակասահմանադրական պրոցեսի մեջ: Սկզբունքորեն նորություն չէ, սակայն էլի ու էլի մենք ականատեսն ենք այն բանի, որ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված մարդը գիտակցաբար բախումների է տանում հայ ժողովրդին՝ շատ լավ հասկանալով, որ իր գործողություններն այնպիսի մեծ վրդովմունքի առարկա են դառնալու, որոնք անուղղակի ձեւով հանրությանը կարող են բախումների հասցնել: Ասել, որ խաղաղ ճանապարհով Եկեղեցու դեմ պայքար պետք է մղել, խաղաղ ձեւով պայքարել Վեհափառի դեմ, առնվազն քաղաքական կարճատեսության արդյունք է: Այն, ինչ պլանավորել է Նիկոլ Փաշինյանը, հանգեցնելու է քաղաքացիական բախումների: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իր տեսակի մեջ արտառոց մի բան է: Ես չգիտեմ` այլ երկրներում հնարավո՞ր է այսպիսի այլանդակություններ հանդուրժել, երբ երկրի ղեկավարը գիտակցաբար բախումների տանի ժողովրդին: Սա աննախադեպ խայտառակություն է, բայց ասեմ, որ այս ամենի վերջը գալու է: Քաղաքացիական պատերազմի տանող գործընթացները նույնպես ունենալու են իրավական հետեւանքներ: Այս ամենն ուղղորդված է Բաքվից, սա էլ նորություն չէ: Լայն առումով այս ամենն արվում է նաեւ արեւմտյան ուղղորդմամբ, քանի որ Արեւմուտքը լռում է, ձայն չի հանում հակասահմանադրական այս գործողությունների մասին: Նիկոլ Փաշինյանն աջակցություն է ստանում Մակրոնից: Եվրոպական կառույցները հիմնականում ոչ մի խոսք չեն ասում այս ամենի վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր խոսում են, փաստորեն, աջակցում են Նիկոլ Փաշինյանին: Կարող ենք ասել, որ սա թուրք-արեւմտյան արշավ է` Եկեղեցու դեմ: Փորձ է արվում խարխլել մեր ազգային հիմնարար սյուներից մեկը, քայքայել Եկեղեցին, սակայն ասենք, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, թե նրանց հաջողվում է դա անել, Եկեղեցու դերը դրանից չի փոքրանում, հակառակը` երբ հարվածում են հոգեւորականին, մարդիկ մարգինալացվում են ավանդական հասարակությանը: Առանց այդ էլ Հայ առաքելական եկեղեցին հանրության շրջանում ունի մեծ վստահություն եւ հարգանք, դրան էլ գումարած՝ Եկեղեցին հալածելու հանգամանքը կոնսոլիդացնելու է հանրությանը: Կաթողիկոսը հանրության շրջանում այժմ ավելի մեծ համակրանք է վայելում եւ դեռ ավելի շատ է վայելելու, որովհետեւ տեղի ունեցողը հալածանք է, իսկ մեր ժողովուրդն արդարամիտ է: Կանգնելու է նրա կողքին, ով ազնիվ է:
– Իսկ Փաշինյանի այն գրառումները, որ հոգեւորականները սիրուհիներ ունեն, արտամուսնական կապերի արդյունքում ապօրինի զավակներ եւ այլն, չի՞ ազդում հասարակության վրա: Մարդիկ այս ամենը լսելով` չե՞ն հիասթափվում եկեղեցականներից:
– Այդ ամենը կարող է ազդել միայն այն 8 տոկոսի վրա, որը դեռ աջակցում է օրվա իշխանությանը: Այս ամբողջ սուտը, կեղծիքը կարող է ինչ-որ առումով ազդեցություն ունենալ մարդկանց վրա, սակայն` միայն իշխանությանը հավատացողների: Վերջին սոցիալական հարցումները ցույց են տվել, որ նման մարդիկ կազմում են 8 տոկոս: Բագրատ սրբազանի հասցեին էլ ինչ տեսակի սուտ ասես, որ ասացին: Նախորդ տարվա գարնանը հայտարարում էին, որ Սրբազանն անգամ որդի ունի, սակայն ոչինչ էլ չհաստատվեց: Պետրոսի հայտնի եթերներից մեկի ժամանակ հենց ինքը` Պետրոս կոչեցյալը, անդրադառնալով այդ թեմային, ասաց. «Դե, մի հիմար մի բան ասել է»: Գուցե գա նաեւ այն օրը, որ Նիկոլի բոլոր հայտարարությունները որակվեն հիմարություն, գուցե պարզվի, որ նրա ասածների մեծ մասը սուտ է: Այս ամենի ֆոնին, Եկեղեցու հանդեպ անգամ ամենաանտարբեր մարդիկ ոտքի են կանգնել: Բոլորը հասկանում են, որ երկիրն աղետի մեջ է: Ամենուր խնդիրներ են` սոցիալական, տնտեսական, անվտանգության հետ կապված եւ այլն: Նորմալ մարդիկ այս օրերին միայն մի հարց են տալիս` երկիրդ էս վիճակում, Ալիեւը նորից քեզ հայհոյում է, դու ինչո՞վ ես զբաղված, այդ ամենը թողած: Հասկանո՞ւմ եք, երկրի թիվ մեկ խնդիրները թողած՝ այս մարդը Եկեղեցին հալածելով է զբաղվում, Ալիեւն իրեն ծաղրում է, ինքը նորից Եկեղեցուն է անդրադառնում:
– Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի բախումների տանել հանրությանը, ի՞նչ տեղի կունենա:
– Անկանխատեսելի հետեւանքներ կլինեն, ամեն դեպքում, վստահ եմ` կաթողիկոսին չեն կարողանալու Վեհարանից հանել: Բախումներ կլինեն, բայց այդ ամենից միայն տուժելու է իշխանությունը: Լավ կլիներ, որ այս կապիտուլյանտին կողքից մեկը հուշեր այդ մասին: Նրա բոլոր գործողությունները թշնամական են, բախումներ է ուզում, թող հրահրի, դրանից միայն ինքն է վարկաբեկվելու, իր 8 տոկոսանոց վարկանիշն է ավելի նվազելու, եւ իր իշխանությունն ավելի է թուլանալու: Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից, նա այլեւս չունի ձայն, նրան վստահողների եւ ընտրողների թիվը, ի ուրախություն մեզ, խիստ նվազել է:
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան