Եթե Հայաստանը շարունակի խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված գործընթացը, նրա՝ երբևէ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները կզրոյանան:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ահա, այսպիսի հայտարարություն է նաև օրերս արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ էության, Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները բազմաշերտ են:
Թեմայի հետ կապված անդրադարձում մասնավորաբար «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյան-Ալիև տանդեմն ամեն ինչ արեց, որպեսզի Արցախը հանձնվի, հայաթափվի, ադրբեջանական զորքերն էթնիկ զտումներ իրականացնեն Արցախում ու այսօր Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը. «Նույն ճակատագիրը սպասվում է նաև Սյունիքին, եթե Փաշինյանն ու նրա թրքամետ ու փողասեր խմբակը մնա իշխանության և վերարտադրվի նաև 2026 թվականին»:
Ալիևի պահանջների ցուցակը ՀՀ-ից ունի սկիզբ, սակայն չունի վերջ՝ Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերադարձ», հայոց բանակի կրճատում, ՀՀ-ի դեմիլիտարիզացիա, անկլավների տրամադրում և այլն։ «Փաշինյանական կլանն ապացուցել է, որ, հանուն իշխանության պահպանման և փողի, նրանք պատրաստ են սպասարկել Արևմուտքի՝ հակառուսական և Ադրբեջանի՝ թուրք-ադրբեջանական օրակարգերը»,-գրում է ալիքը։
Արցախցիները պարտադրաբար լքեցին Արցախն, իսկ այսօր Հայաստանից են արտագաղթում: Ըստ հեղինակների, նույն ճակատագիրը սպասվում է ՀՀ քաղաքացիներին, եթե նրանք չպաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին և հայոց պետականությունը թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակից քպականներից. «ՔՊ-ի վերարտադրությունը հայոց պետականության վախճանն է խորհրդանշելու։ Փաշինյանն ու թիմը պետք է հեռացվեն, հակառակ պարագայում ադրբեջանական դրոշներ են ծածանվելու արդեն Սյունիքում և Գեղարքունիքում»։
Ինչպես հայտնի է, բանտում գտնվող գործարար Սամվել Կարապետյանն օրերս հայտարարել է. «Հայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից: Վերականգնելո՛ւ ենք շահերի և հետաքրքրությունների բալանսը տարածաշրջանում: Ու այդ ժամանակ տարանցիկ ճանապարհները Հայաստանի սուվերեն տարածք են մնալու, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներով լցնելու են Հայաստանի, այլ ոչ թե այլ, թեկուզ և բարեկամ որևէ երկրի բյուջեն»։ Անդրադառնալով այս թեմային՝ ալիքի հեղինակները նշում են, որ Փաշինյանը Հայաստանը վերածել է Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության, Արցախի ու հայկական ազգային ու պետական շահերի համար։ «Փաշինյանն Արևմուտքում ռուսաֆոբ է խաղում, իսկ Մոսկվայում՝ ռուսամետ, սակայն ո՛չ Արևմուտքը, ո՛չ ՌԴ-ն Փաշինյանին ու նրա թրքամետ խմբակին չեն վստահում, ինչն էլ հանգեցնում է Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը։ Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում, ինչն էլ հանգեցրեց Արցախի կորստին, ու այսօր Ալիևն արդեն պահանջում է Սյունիքն ու ադրբեջանցիների «վերադարձ» Հայաստան ու ՀՀ Սահմանադրության փոփոխություն»,-գրում է ալիքն ու հավելում, որ Հայաստանը չպետք է վերածվի երկրորդ Ուկրաինայի՝ հակառուսական պլացդարմի, քանի որ դա հանգեցնելու է ծանր հետևանքների հայկական պետականության համար. Ուկրաինան վերածվեց ճակատի ընդդեմ ՌԴ-ի, ու դա շատ թանկ նստեց այդ երկրի վրա։
«Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության և 2026 թվականին վերարտադրվելու, պատրաստ են «Զանգեզուրի միջանցք» տրամադրել թուրք-արևմտյան տանդեմին, ինչպես նաև զրոյացնել ՀՀ-ում ռուսական ազդեցությունը, միայն թե Արևմուտքը Փաշինյանին և թիմին թույլ տա մնալ իշխանության 2026 թվականին»,-գրում են հեղինակներն ու շեշտում, որ «Զանգեզուրի միջանցքը» հայոց պետականության ոչնչացման ճանապարհային քարտեզն է և լոգիստիկան։ Ըստ ալիքի, ազգային ու պետականամետ ուժերը պետք է ձևավորեն միասնական ճակատ՝ Փաշինյանին հեռացնելու համար. «Ազգային ուժերը պետք է պաշտպանեն Հայ առաքելական եկեղեցին, Արցախի հարցը կրկին բերեն օրակարգ, հզորացնեն հայոց բանակն ու տնտեսությունը, ինչպես նաև հայ-ռուսական կապերը նորից բարձրացնեն ռազմավարական, դաշնակցային մակարդակի՝ թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու համար։ ՀՀ-ում իշխանափոխությունը հայոց պետականության փրկության միակ տարբերակն է. Փաշինյանն ու թիմն իրենց կամքով երբեք չեն հեռանալու»։
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան