Օգոստոսի լույս վեցի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի Օռլովկա և Նովոսելսկոյե բնակավայրերին: Ըստ նախնական տեղեկությունների թիրախ է հանդիսացել գազամղիչ կայանը:
Ուշագրավ է, որ անցած մի քանի օրերին Բաքվի մամուլը քննարկել է ադրբեջանական գազը Եվրոպայից Ուկրաինա հասցնելու շուրջ «արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների» թեման:
Մանրամասնություններ հայտնի չեն, պարզ չէ, թե որտեղից պիտի Ադրբեջանը գազի լրացուցիչ պաշարներ հայթայթի, որպեսզի «երաշխավորի Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը»:
Մանավանդ որ, ինչպես ադրբեջանական Trend գործակալությունն է հայտնում, Եվրահանձնաժողովը վերջնական որոշում է ընդունել, որ չի ֆինանսավորի արդյունահանող էներգակիրների որևէ ծրագիր, ինչպես նաև այսպես կոչված «Տրանսկասյան գազատարի» կառուցումը:
Եվրահանձնաժողովն այդ ծրագրերի իրականացումը հասցեագրել է Թուրքմենստանին, եվրոպական մասնավոր ընկերություններին և «նրանց տարածաշրջանային գործընկերներին»:
Այդ խնդրի լուծումը չափազանց բարդ է, քանի որ թուրքմենա-ադրբեջանական «Դոստլուկ» հանքավայրից գազը «Սանգաչալ» թերմինալ հասցնելու համար հարկ է կառուցել ստորջյա խողովակաշար, իսկ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագրով նման էկոլոգիապես խնդրահարույց ծրագիր իրականացնելու համար մերձկասպյան բոլոր պետությունները պետք է տան իրենց համաձայնությունը:
Բացի այդ, Ադրբեջանը կաշկանդված է նաև Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին հռչակագրով, որ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Մոսկվայում ստորագրել են 2022 թվականի փետրվարի 22-ին: Կասպյան ավազանից էներգակիրների արտահանման հարցն Ռուսաստանի համար ոչ միան տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի:
Ռուսաստանը և Իրանը մոտ երկու շաբաթ առաջ Կասպից ավազանում ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել: Փորձագետների գնահատմամբ՝ դա հստակ ազդակ է, որ Կասպյան ավազանում արտատարածաշրջանային երկրների ռազմական ներկայություն չի կարող լինել:
Օրերս Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է տարածել, որ բրիտանական հատուկ ծառայությունները ռուսական նավթի արտահանման հաղորդուղիների և լցանավերի դեմ «դիվերսիոն գործողություններ են նախապատրաստել, իսկ կատարումը վերապահվել է Ուկրաինային»:
Նման տեղեկությունը ենթադրում է, որ Ռուսաստանն էլ իր հերթին Մեծ Բրիտանիայի դեմ «պատերազմ է նախապատրաստում»: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանը մի քանի օրով փակել է Աստրախանի մարզի օդային տարածքը:
Այդ տեղաշրջանում է գտնվում ռուսական ամենախոշոր ռազմական զորավարժարանը՝ «Կապուստին յարը», որտեղ ավանադաբար փորձարկվում են նորագույն հրթիռային և ՀՕՊ համակարգերը:
Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացվածությամբ, Ռուսաստանը «մարտական փորձարկման է դնում «Օրեշնիկ» հրթիռը, որի սերիական արտադրությունը սկսվել է»:
Աստրախանի մարզն անմիջապես Կասպյան ավազանի մաս է, տասնամյակներ ի վեր այնտեղ է գտնվել Կասպյան նավատորմիղի հրամանատարական կետը: Տեղաշրջանը մոտ է նաև Սևծովյան «ռազմավարական թատերաբեմին» որտեղ Ուկրաինայի կարևոր հենակայանն Օդեսան է՝ իր խոշոր նավահանգստով և կոմունիկացիոն ենթակառուցվածքներով:
Կասպյան էներգակիրների արդյունահնաման և տարանցման գլխավոր դերակատարը բրիտանական BP-ն է, իսկ ղազախստանյան հատվածում՝ ամերիկյան մի քանի ընկերություններ: «Եթե նավթի գները ևս տասը դոլարով իջնեն, ապա Ռուսաստանը պատերազմը շարունակելու խնդիրներ կունենա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը:
Ռուսաստանը կհակադարձի «կասպյան պատերազմի» սպառնալիքո՞վ :
Բաց մի թողեք
Ռուսաստանը «միտումնավոր աղտոտել է Բաքու – Ջեյհան նավթամուղը» և ռմբակոծել
Թրամփը խոստացել է․ ՀՀ կստանա դաշնակից Վաշինգտոնում և հզոր պաշտպան՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա հարձակումներից
«Զանգեզուրի միջանցքի» փոխարեն Թրամփի՝ բարգավաճման և խաղաղության խաչմերո՞ւկ