16/10/2025

Ռիսկեր դեռ մնացե՞լ են` իհարկե, դեռ մի աշխարհ ու ամենօրյա գործ կա անելու․ Աննա Դավթյան-Գևորգյան

Իրանագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Դավթյան-Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Ես Նիկոլ Փաշինյանին մեղադրել ու շարունակում եմ մեղադրել, որ պատերազմից առաջ չի խոսել անխուսափելի զիջումների մասին ու չի արել դրանք։

Պատերազմից հետո ու հատկապես այսօր ֆեյսբուքյան խառնաղմուկն ու իրականությունից կտրված մեծաբերանությունը հուշում է` երևի իսկապես անիրագործելի բան եմ ակնկալել որևէ իշխանությունից։

Պատերազմից, պարտվելուց, էթնիկ զտումից, տարածաշրջանում անվտանգության ստատուս քվոյի գրեթե գլխիվայր շուռ գալուց հետո ու երեք տարի շարունակ ամեն օր Սյունիքի մասին` “էսօր կհարձակվի, վաղը կհարձակվի, էսօր կհարձակվի, վաղը կհարձակվի, Հայաաստանը կործանվեց, վաղը կկործանվի, էսօր կործանվեց, վաղը կկործանվի” գրողները, էսօր խիստ վրդովված են, որ ԸՆԴԱՄԵՆԸ նախաստորագրվել է պայմանագիրը ու ԸՆԴԱՄԵՆԸ կողմերը հանձնառու են խաղաղ լուծել խնդիրները։

Ինձ համար էս փաստաթուղթը կարևոր փուլի սկիզբ է, որտեղ ամեն բան դեռ նոր պիտի տեղի ունենա, բայց ԱՌԱՆՑ պատերազմի մահակի։ Ես հավատում եմ նաև երկու հասարակությունների խելամտությանը` թույլ չտալու վերադարձ սպառնալիքների բառապաշարով հարաբերությունների։

Ռիսկեր դեռ մնացե՞լ են` իհարկե, դեռ մի աշխարհ ու ամենօրյա գործ կա անելու։ Բայց իրադրության փոփոխությունը չտեսնելը` Թրամպի եսակենտրոնությունից էլ զարմանալի հայացք է։

Հ.Գ. գերիների հարցը ինձ ԻՐԱՊԵՍ հետաքրքրում էր, էդ պատճառով ոչ թե ստեղ հարցրի` բա գերիները, այլ լսեցի նաև մամլո ասուլիսը, որտեղ ասվեց` “քննարկվել է նաև գերիների, անհետ կորածների հարցը, պարզապես էս զգայուն խնդրի մասին չեմ ուզում ժամկետներ ասել”։ Բացի այդ, ես հավատացած եմ, որ ՄԻԱԿ տարբերակը, երբ գերիները կարող են վերադառնալ, դա նման փաստաթղթերի ու հանձնառությունների կյանքի կոչումն է։