19/08/2025

Արցախի ավելի քան հինգ հազար պատմա-մշակութային հուշարձանների մասին «ամբողջական տեղեկատվական բանկ, ցավոք, չունենք»

Եթե չեմ սխալվում, «Հետքն» է Լելեթեփեի ձախողված ռազմագործողության քրեական գործով մեղադրվող՝ «Ցորի» տանկային գումարտակի հրամանատարի հետ հարցազրույց անցկացրել, տեսանյութը յութուբյան ալիքներով տարածվել է, հետաքրքրվողները կարող են գտնել և դիտել:

Ես այդ մարդու դեմ ոչինչ չունեմ, նրա մեղավորության-անմեղության հարցը թող դատարանը լուծի: Բայց չեմ կարող չընդգծել երկու հանգամանք: Նախ, նա պատմում է, որ ռազմերթի հենց մեկնարկին տանկերից մեկը շարքից դուրս է եկել, իսկ երբ հասել են Տող, որտեղ պիտի տեխնիկական վառելիքով լիցքավորվեր, պարզվել է, որ լցակայանում մեքենաների հերթ է:

Ո՞վ է տեսել, որ մարտական առաջադրանք ստացած տանկային գումարտակն սպասի, թե երբ է գալու լիցքավորման իր հերթը: Նման դեպքերում հրամանատարն իրավասու է տեղում որոշում ընդունել, լցակայանից դուրս հանել քաղաքացիական ավտոմեքենաները և կարգադրել, որ զինվորական շարասյունն սպասարկվի հերթից դուրս:

Երկրորդ, էլ ավելի արտառոց հանգամանքն այն է, որ նա պատմում է, որ Հադրութից դեպի ռազմագործողության ենթադրյալ թատերաբեմ իրենց ուղեկցում էր Վահան Բադասյանը, բայց նրա մեքենան հրթիռային հարված է ստանում, մնում են առանց ուղեկցողի:

ՊԲ էլիտար համարվող զորամասի տանկային գումարտակի հրամանատարն ասում է, որ տեղանքի քարտեզ չի ունեցել, հրամանատարական տանկի ռադիոկապը չի գործել, բջջային հեռախոսներն անհասանելի են եղել…

Մի խոսքով, տպավորություն է ստացվում, որ խոսքը ֆաշիզմի դեմ խորհրդային զորքերի պատերազմի ժամանակների կամ ավելի հեռավոր ժամանակների, ոչ թե քսանմեկերորդ դարի երրորդ տասնամյակի մասին է: Այս պատմությունը ծաղր և անարգանք է Լելեթեփեի ռազմագործողության զոհերի հասցեին և անպարագիծ ցինիզմ:

Էլ ավելի ցինիկ է, երբ Բակո Սահակյանի իշխանության օրոք շուրջ տասը տարի Զբոսաշրջության պետական վարչության պետ և մշակույթի նախարար պաշտոնավարած անձը Կրասնոդարից գործող յութուբյան ալիքին հարցազրույցում դժգոհում է, որ Արցախի ավելի քան հինգ հազար պատմա-մշակութային հուշարձանների մասին «ամբողջական տեղեկատվական բանկ, ցավոք, չունենք»:

Ո՞վ պետք է այդ «բանկը» ստեղծեր, թվայնացներ և համացանցով մեկ տարածեր: Իհարկե՝ Արցախի կառավարության պատկան կառույցը, այն գերատեսչություններից մեկը, որ գլխավորել է այսօր իրավիճակից դժգոհող անձնավորությունը:

Նա, ընդսմին, առիթը բաց չի թողնում, որպեսզի Հայաստանի իշխանություններին մեղադրի «Արցախ վերադարձի հարցը մոռացության մատնելու» մեջ՝ գերազանց իմանալով, որ իր խոսքի առաջին հասցեատերը Կրասնոդարի և երկրամասի հայ բնակչությունն է:

Որքա՞ն է տևելու այս վակխանալիան կամ, ավելի ճիշտ՝ ընտրություններին ընդառաջ ո՞ր փուլում է այն հասնելու բարձրակետին: Ինչքա՞ն կարելի է շահագործել բռնատեղահանված մարդկանց զգացմունքները:

Հիշյալ անձնավորությունը, երբ նոր էր զբաղեցրել Զբոսաշրջության վարչության պետի պաշտոնը և տարեկան բյուջեի նախագիծը պաշտպանելու համար եկել էր ԱԺ հանձնաժողովի նիստի, հարցիս, թե մտադիր չե՞ն կարգի բերել և պետական պահպանության տակ վերցնել Շուշիի մզկիթը, այնպիսի տեսք ընդունեց, ասես անձնական վիրավորանք էի հասցրել:

Մոտ հինգ տարի հետո Շուշիի մզկիթն, իհարկե, վերանորոգվեց, բայց էթնիկ-քաղաքակրթական երկխոսության պահն արդեն բաց էր թողնված: