Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի հեղինակն Ադրբեջանն է: Հայաստանյան սոցիալական մեդիան, փորձագիտական և նույնիսկ քաղաքական որոշակի շրջանակներ անմիջապես նրա «ձեռքից խլել են դրոշը» և տարփողում են, որ եթե «պայմանագրի հեղինակն Ալիևն է, ուրեմն այն հերթական կապիտուլյացիա է»:
Ոչ ոք չի փորձում պարզել, թե «ալիևյան տեքստը» նախնական ի՞նչ տեսք է ունեցել, իսկ արտգործնախարարների մակարդակով ստորագրված Համաձայնագիրն քանի՞ հոդված և ի՞նչ ձևակերպումներ ունի:
Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ զինադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի նախագահը Նախիջևանի հետ հաղորդակցության մասին խոսելիս «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի գործածել:
Ալիևը խնդիր ունի սեփական հանրությանը ներշնչել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում «որպես հաղթական ժողովրդի առաջնորդ»: Դա, անշուշտ, չի վկայում խաղաղության հասնելու նրա ազնիվ մտադրությունը, բայց Ալիևից ո՞վ նման սպասումներ ունի կամ ո՞վ է վստահ, որ նախաստորագրված համաձայնագիրը վավերացվելու է և մտնելու է ուժի մեջ:
Ի վերջո, պետք է ընդունել, որ խաղաղության փորձությունն ավելի ծանր և բարդ է, քան պատերազմը, որ Ալիևը պաուզա է պահում՝ մինչև «համաշխարհային ջրերը կպարզվեն»:
Անընդմեջ և նույն համառությամբ խոսելով Հայաստանի «կողմից ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիայի» կասին՝ Ալիևը միայն մի բան է ակնարկում, «նույն իրավունքն Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունի»:
Իսկ նախաստորագրված Համաձայնագրում նա իր երկրի տարածքը ճանաչել է այն սահմաններում, որ ունեցել է Ադր.ԽՍՀ-ն: Սա «ադրբեջանական ազգային գաղափարի» ֆիասկոն է, որ Ալիևին վերադարձնում է խորհրդային իրողություններին:
Դա Ադրբեջանի տարածաշրջանային և նույնիսկ աշխարհաքաղաքական նկրտումների իրավական սահմանափակում է:
Հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը շատ որոշակիորեն ազդելու է թուրք-ադրբեջանական, իրանա-ադրբեջանական, վրաց-ադրբեջանական, Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երկրներ, բայց ավելի շատ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Դժվար է պատկերացնել, որ Իլհամ Ալիևը կամավոր հրաժարվել է «Ամբողջական Ադրբեջանի» նախագծից և իրեն կաշկանդել Ադր.ԽՍՀ ինքնությամբ: Բայց եթե նա ասում է, որ դա իր հեղինակածն է, մեզ մնում է միայն «շնորհավորել» նրան: Որովհետև եթե համաձայնագիրը «կապիտուլյացիոն է», ապա նաև՝ Ադրբեջանի համար:
Բաց մի թողեք
Ադրբեջանը «պետք է ամեն վայրկյան պատերազմի պատրաստ լինի», իսկ Հայաստա՞նը ․․․
Փաշինյանը խաբվել է ու ապակողմնորոշում է ողջ ժողովրդին
Փեզեշքիանի մտահոգությունները՝ ԱՄՆ-ին երկխոսության լրացուցիչ օրակարգ առաջարկելու ենթատեքստ