24/08/2025

Իշխանության օրակարգը պարզ է, որն է ընդդիմության օրակարգը

Թրամփի վկայությամբ Ալիեւի հետ ստորագրված փաստաթղթերն ու ամերիկյան ժպիտներով գունեղ լուսանկարները Հայաստանում չառաջացրին այն ցնծությունն ու ֆուրորը, որին սպասում ու որի պատկերը սոցցանցերում սազանդարների միջոցով փորձում էր ստեղծել ՔՊ-ական իշխանությունը:

Հրապարակ թերթը գրել է․ Թրամփի ուղու մշուշոտ նախագծից ու Փաշինյան-Ալիեւ նախաստորագրված թղթից, որը, ինչպես երեկ Ալիեւն ասաց, Ադրբեջանում է գրվել, էյֆորիա ապրեցին միայն իրենք՝ իշխանականները:

Փաստացի, Փաշինյանի շարունակական ձախողումների հետեւանքով շրիշակի մակարդակի հասած իշխանության նկատմամբ վստահությունը չհաջողվեց փրկել այս «ձեռքբերումով», փաշինյանական ստերից հոգնած՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ը լսած, բայց գետնի վրա Արցախն Ադրբեջանին նվիրելու փաստին ականատես եղած, կարմիր գծերը վերացնելու խոստումին սպասող, բայց դրանց թանկացման բեռի տակ «ճռռացող» հասարակության լավագույն սպասումը, թերեւս, «գոնե էս մի բանը ճիշտ դուրս գա» մոտեցումը կարող է լինել:

Հակառակ դեպքում, ինչպես կանխատեսում էին քաղտեխնոլոգներն ու վերլուծաբանները, Փաշինյանը ժամանակ չէր կորցնի ու կվազեր դեպի արտահերթ ընտրություններ՝ օգտագործելով վերարտադրվելու շանսը: Բայց նախօրեին կառավարությունում լրագրողների հարցերին պատասխանելիս Փաշինյանը հպանցիկ խոսեց արտահերթից ու ասաց, թե «արտահերթ ընտրությունների հետ կապված այդպիսի տեսակետներ, նույնիսկ կոչեր, նույնիսկ կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»։

Նույն երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ն չի գնա արտահերթի: Սա ՔՊ վարչության որոշումն է, որը նույն երեկոյան հրապարակեց Գեւորգ Պապոյանը. «Ժողովուրդը քաղաքական ուժերին հինգ տարով մանդատ է տվել, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը: Հինգ տարին լրանա, կգնանք հերթական ընտրություններին: Արտահերթ ընտրություններ չեն լինելու, մտքեր միշտ հնչում են։ Վարչապետն էլ այսօր ասաց՝ այդպիսի տարբեր առաջարկներ կան, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։ Մենք կարծում ենք՝ այդ հիմնավորումները բավարար չեն»:

Եթե Փաշինյանը վստահ լիներ, որ ստանալու է ժողովրդի քվեն, ժամանակ չէր կորցնի, մանավանդ որ ընդդիմադիր դաշտը դեռ վերադասավորումների փուլում է: Մյուս կողմից, վարչության նիստին հարցի քննարկումը նշանակում է՝ նա նաեւ թիմակիցների տրամադրություններն է փորձել շոշափել: Ու չի բացառվում, որ այստեղ էլ խնդիրներ կան՝ վարչապետի աթոռից հրաժարականի դեպքում թիմին չվստահելուց մինչեւ պատգամավորական մանդատից մինչեւ վերջ օգտվելու ու նյութական բարիքներ, այդ թվում՝ պատգամավորական թոշակ ապահովելու նեղ հարցեր:

Փաստն այն է, որ իշխանությունը պատրաստվում է 2026-ի հերթական ընտրություններին, որի ժամանակ Փաշինյանը փորձելու է «խաղաղությո՞ւն, թե՞ ոչ պատերազմ» կեղծ օրակարգի առաջ կանգնեցնել ժողովրդին: Այստեղ գնդակը, ինչպես ասում են, ընդդիմության դաշտում է՝ ընդդիմությունը կկարողանա՞ կենսունակ ու հանրության կողմից ընկալելի այլընտրանք առաջարկել Փաշինյանի մտացածին խաղաղությանը:

Որ հերթական ընտրություններն ամենահավանական սցենարն են, եթե ֆորսմաժոր չլինի, ըստ էության, ընդդիմադիր դաշտն էլ է գիտակցում՝ նոր ուժերի ձեւավորման շուրջ քննարկումներից մինչեւ գոյություն ունեցող ուժերի տեխնիկական վերազինում՝ այդ մասին են վկայում: Նախօրեին, օրինակ, ներկայացվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոր պաշտոնական կայքը:

Նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հրապարակ»-ին ասում է. «Ակնհայտ է, որ ստացված համաձայնագրերը չեն տվել ցանկալի արդյունքը, եւ ՔՊ-ին հարկավոր է ամիսների քարոզչական արշավ՝ մեր ժողովրդին մի կողմից խաղաղության թեզով խաբելու, մյուս կողմից՝ պատերազմով վախեցնելու համար: Մարդիկ պարզ հարցեր են տալիս, որոնց պատասխանները պարզապես չկան: Ինչպե՞ս է «խաղաղության դարաշրջան» բացվում, երբ մենք ունենք գերիներ Բաքվում, երբ ադրբեջանական զորքերը մեր տարածքում են, երբ Ադրբեջանը պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը: Այս պարզ հարցերին պատասխաններ չկան, դրա փոխարեն բոլոր հարց տվողները պիտակավորվում են որպես պատերազմատենչներ: Բայց միեւնույն է՝ մարդիկ չեն դադարում այս հարցերը տալ, ու ՔՊ-ին ժամանակ է պետք՝ մարդկանց խաբելու եւ վախերը խորացնելու համար»:
Ի՞նչ է հակադրելու սրան խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը: Վարդանյանն ասում է՝ դա պետք է լինի հայկական օրակարգը: «Փաշինյանը խաղաղություն չի առաջարկում, Փաշինյանն առաջարկում է ինքնասպանություն: Եթե մեր պետությունը չպետք է ունենա հայկական օրակարգ, չպետք է սպասարկի հայկական շահերը, չպետք է ունենա ռազմավարական նշանակության որեւէ ռեսուրս, պետք է ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանից ու Թուրքիայից, ո՞ւմ է պետք այդ պետությունը, ո՞վ պետք է ապրի այդ պետության մեջ: Մեզ պետք է հայկական պետություն, Փաշինյանի առաջարկը դրա հակառակն է, որքան էլ այդ առաջարկում օգտագործվի «խաղաղություն» բառը: Փաշինյանի առաջարկն այն «խաղաղությունն է», որ այսօր կա Արցախում: Ընդդիմության առաջարկը ճիշտ դրա հակառակն է՝ պաշտպանված պետություն, որն ունի դաշնակիցներ, որը բանակցում է իր շահերի շրջանակներում, որի գլխավոր բանակցողը պարտության հետ չի ասոցացվում եւ ծաղրի առարկա չէ»:

Պահպանել եղածը, վերականգնվել, բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու սկսել հանրային հաշտեցման գործընթաց:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սրանք են այն խնդիրները, որոնց լուծումներն ընդդիմությունը պետք է առաջարկի, որովհետեւ հակառակն ինքնասպանություն է: «Սա նշանակում է, որ իրականում առաջարկ ունի ընդդիմությունը, ոչ թե Փաշինյանը, որովհետեւ ինքնասպանությունը չի կարող դիտարկվել որպես խելամիտ առաջարկ»,- եզրափակում է Վարդանյանը:

«Պատիվ ունեմ»-ը շարունակում է մինչեւ ընտրությունները Փաշինյանին հեռացնելու գործընթացի մասին խոսել

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է Փաշինյանին հեռացնել մինչեւ ընտրությունները: Մենք ոչ միայն հայտարարել ենք, այլեւ ակտիվ գործողություններ ենք իրականացրել այդ ուղղությամբ, այն է՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, եւ ակնկալում ենք, որ մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես լծվեն այդ գործին, բայց, ցավոք սրտի, այս պահին դեռեւս դա չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի որոշմանը՝ հերթական, թե արտահերթ, ես վաղուց արդեն հրաժարվել եմ Փաշինյանի որոշումները հանրային դաշտում վերլուծելու մտայնությունից, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ շատ ու շատ քաղաքացիներ գիտակցում են, որ իրենց փորձում են խաբել օգոստոսի 8-ի թղթերով՝ նախաստորագրումը ներկայացնելով որպես երաշխավորված խաղաղություն, ինչը հեռու է դրանից»,- իրավիճակին «Պատիվ ունեմ»-ի մոտեցումներն այսպես է ներկայացնում խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է 2026-ին, Մամիջանյանի խոսքով, Փաշինյանն արդեն սկսել է դրան պատրաստվել՝ փորձելով հերթական անգամ խաբել մեր քաղաքացիներին:

«Ամենօրյա աշխատանքով, բացարձակ չկապելով այդ գործընթացն ընտրությունների հետ, անհրաժեշտ է մեր քաղաքացիներին ներկայացնել ճշմարտությունը՝ բոլոր հնարավոր խողովակներով, որպեսզի իրենց դա հասանելի լինի: Ես խորը վստահություն ունեմ, որ երբ մեր քաղաքացիները  հասկանան ու գիտակցեն, թե իրականում ինչ են բերում այս գործընթացները, դա կլինի հանրային լայն կոնսոլիդացիայի գրավականը»,- շարունակում է Մամիջանյանը՝ շեշտելով, որ պոպուլիզմի եւ ստի դեմ պայքարում հասարակության ճշմարտությունն ասելու գործը որեւէ կերպ պայմանավորված չէ ո՛չ ընտրություններով, ո՛չ որեւէ այլ իրադարձությամբ:

Խաղաղություն, թե պատերազմ բանավեճը մեր զրուցակիցը  կեղծ է համարում ու շեշտում է՝ Փաշինյանի նպատակն էլ հենց դա է, իսկ ընդդիմության խնդիրը հասարակությանը բացատրելն է՝ Փաշինյանի քայլերը մեզ ոչ մի կաթիլ չեն մոտեցնում խաղաղությանը: «Փաշինյանը երկու ընտրության պատրանք է փորձում ստեղծել, ինչն իրականության հետ ոչ մի կապ չունի, եւ ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ նշված են կետեր,  որոնք բխում են Հայաստանի կենսական շահերից, որոնց հասնելն իրատեսական է, հնարավոր է բանակցային ճանապարհով, եթե Հայաստանի անունից հիմնական բանակցողը որպես իր շահ դիտարկի երկրի անվտանգային առաջնահերթությունները եւ ոչ թե ներքաղաքական մանիպուլյացիայի հումք ստանալը, սեփական իշխանության պահպանումն ու վերարտադրությունը»,- եզրափակում է խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավարը: