27/08/2025

Ինչու է «Յանդեքս» տաքսու ծառայության գները եռապատկվել

7 տարի առաջ Հայաստանում սկսեց գործել «Յանդեքս» տաքսի ծառայությունը, որը սպասարկման աննախադեպ ցածր գներ էր առաջարկում՝ գրավելով հաճախորդներին։ Մարդիկ հոգնել էին տաքսի սերվիսների ծառայություններից, եւ «Յանդեքս»-ի գներն էլ գայթակղիչ էին, ուստի արագությամբ նոր ծառայությունը մտավ դաշտ եւ ոչնչացրեց բոլոր նախկիններին՝ նրանք մրցակցությանն ուղղակի չդիմացան։

Ավելի ուշ «Յանդեքսն» իր հաճախորդներին առաջարկեց նաեւ առաքման ծառայություն․ որպեսզի ընթերցողին առավել պարզ լինի, ասենք, որ ամենատարբեր իրեր կարող են առաքման ծառայության միջոցով տեղափոխել այլ վայր, ինչպես նաեւ «Յանդեքսն» առաջարկում է սնունդ՝ Երեւանի ամենատարբեր ռեստորաններից:

«Յանդեքսից» օգտվող ցանկացած քաղաքացի կարող է փաստել, որ վերջին շրջանում` 2022 թվականից սկսած, այս ծառայության գներն աննախադեպ թանկացել են, իսկ վերջին շրջանում դարձել անգերազանցելի: Երբեմն այնպիսի գների են հասնում «Յանդեքս» տաքսու ծառայությունները, որ շատ հաճախ փողոցի թանկաբազար տաքսու վարորդների առաջարկած գներն ավելի ձեռնտու են, քան «Յանդեքսի» առաջարկածը: Երկու տարի առաջ Երեւանում, օրինակ, «Յանդեքս» տաքսի ծառայության մեկնարկային գինը 300 դրամ էր, վերջին շրջանում դրա կրկնապատիկն է համարվում էժան գին։

Եթե առաջ փոքր կենտրոնում ծառայության մինիմալ արժեքը կազմում էր 300-400 դրամ, ապա հիմա 1300-1400 դրամ է:

Ժամը 15։00-ին պատահական հասցեով որոնում իրականացրինք․ մայրաքաղաքի կենտրոնից Շենգավիթ վարչական շրջան հասնելու համար ծառայությունը 1800 դրամ գումար պահանջեց։ Ստացվում է, որ երբեմնի ամենամատչելի տաքսի ծառայությունը դարձել է ամենաթանկն ու անհարմարավետը:

Հաճախորդները շատ հաճախ նաեւ դժգոհում են, որ «Յանդեքս» նստելիս վարորդները խնդրում են պատվերը չեղարկել, որպեսզի աստղաբաշխական տոկոսներ ծառայությանը չվճարեն, դե իսկ գումար մանրելու մասին խոսելն ավելորդ է՝ «Յանդեքսի» վարորդները շատ հաճախ անգամ 200 դրամ մանր չեն ունենում կամ գուցե ունենում են, սակայն դա էլ «տակտիկա» է՝ հաճախորդին «քերելու» համար:

Նշենք, որ «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները երբեմն ղեկին նստում են ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլ օգտագործած կամ ինչ-որ դեղերի ազդեցության տակ, քանի որ անադեկվատ վարքագիծ են ցուցաբերում, ինչը հաճախորդներին մտածելու տեղիք է տալիս: Արդյո՞ք տաքսիների վարորդները բուժզննության են ենթարկվում: Այս հարցն էլ մնում է անպատասխան և ով ասես հայտնվում է տաքսու ղեկին:

«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդներից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված գների այս ահռելի տատանումը: Չկա՞ վերահսկողություն: Մեր զրուցակցի խոսքով` գները սահմանում է «Յանդեքս» տաքսի ծառայության ծրագիրը` ավտոմամտ:

Այնտեղ չկա մարդկային գործոն, սակայն այն ժամերին, երբ պահանջարկը մեծանում է, գները նույնպես աճում են: Մեր զրուցակցի խոսքով` տաքսի ծառայության գները հատկապես ավելանում են անձրևի, ձյան և խիստ շոգ եղանակային պայմանների ժամանակ: Որպես այդպիսին գները մատչելի են շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև կեսգիշերից հետո: