09/09/2025

Գևորգ Փարսյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Երեւանի վարչական դատարանը Լիլիթ Սադոյանի  նախագահությամբ, հուլիսին վարույթ է ընդունել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի հայցն՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։ 

Գևորգ Փարսյանը ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում էր ՀՀ հայտնվել այս տարվա մայիսին։

Անկուսակցական Գևորգ Փարսյանի նկատմամբ Հանձնաժողովը վարույթ էր հարուցել, որի արդյունքում նրա հանդեպ կիրառվել էր վարչական իրավախախտում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար դրամի չափով։

Հանձնաժողովը պարզել էր, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը 2024 թվականի մայիսի 14-ին Կապանի համայնքապետարանի կարիքների համար կնքել է մեքենաների տեխսպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր «Գրիգ Բիզնես» ՍՊ ընկերության հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իրական շահառուն, ինչպես նաև գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս փոխկապակցված անձը՝ եղբայրը՝ Գրիգոր Փարսյանը։

Նախորդ տարեվերջին ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նախորդ տարեվերջին իր ելույթում համոզմունք էր հայտնել, թե Փարսյանի ղեկավարման ընթացքում տենդերների 70 և ավելի տոկոսը շահում են նրա ընտանիքի հետ փոխկապակցված կազմակերպությունները։ Վահագն Ալեքսանյանի մեղադրանքներից հետո Փարսյանը պաշտոնապես պարզաբանում էր ներկայացրել՝ ասելով․ «Հաշվի առնելով, որ նման անհիմն հայտարարությունները, հատկապես բարձր ամբիոնից հնչեցված, արդեն դարձել են կրկնվող երևույթ, հարկ եմ համարում հրապարակայնորեն արձագանքել, քանի որ իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է ակնհայտ փաստերի վրա։ Այսպիսով, 2019 թվականին Կապանի համայնքապետարանը հայտարարել է շուրջ 18 շինարարական աշխատանքների մրցույթ, որոնցից ընդամենը 1-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2020 թվականին հայտարարվել է 20 մրցույթ, որոնցից 5-ում է հաղթող ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը:

2021 թվականին հայտարարվել է 38 մրցույթ, որոնցից 9-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2022 թվականին հայտարարվել է 25 մրցույթ, որոնցից 8-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2023 թվականին հայտարարվել է 17 մրցույթ, որոնցից 2-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

2024 թվականին, այսօրվա դրությամբ, հայտարարվել է 24 մրցույթ, որոնցից 7-ում հաղթող է ճանաչվել Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն է հանդիսանում եղբայրս՝ Գրիգորի Փարսյանը, իսկ ընկերության 100% բաժնետերը հայրս է՝ Ռազմիկ Փարսյանը։ Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը մեր տարածաշրջանի շինարարության բնագավառում մասնագիտացված ամենամեծ կազմակերպությունն է և 2010 թվականից հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է»։

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո մանրամասն քննվել էին Գևորգ Փարսյանի հետ փոխկապակցված անձանց ընկերությունները և համայնքի գնումները, ինչի արդյունքում անկուսակցական համայնքապետը տուգանվեց։