ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Չինաստանում տեղի ունեցած իրադարձություններին և ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ սահմանափակում չունի իր հայտարարություններում։
«Նա նախաճաշին կարող է ինչ-որ բան ասել, ճաշի ժամանակ հաստատել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին հայտարարել, թե այդ թեման ընդհանրապես չի քննարկվել»,– ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ սա առաջին դեպքը չէ և ցավոք, քանի դեռ Փաշինյանը ղեկավարում է կառավարությունը, նման հակասություններ կրկին կլինեն. «Սխալ չի լինի ասել, որ այս անձից սկզբունքայնություն սպասել պետք չէ։ Նա հայտարարում է այն, ինչը հարմար է տվյալ պահին, իսկ հաջորդ պահին կարող է դա հերքել։ Հիշեք, թե ինչպես էին գովում Բայդենի վարչակազմը, մի քանի օր հետո հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ երբևէ նման լավ հարաբերություններ չեն եղել»,– հավելեց Խաչատրյանը։
Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի Ալիևի և Էրդողանի հետ ջերմ լուսանկարներին՝ նշելով, որ դա իր քաղաքական ռազմավարության մի մասն է. «Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ խաղաղություն է հաստատել, մեզ վտանգ չի սպառնում և ժողովուրդը պետք է քվեարկի նրա օգտին, որպեսզի իշխանության չգան այլ մարդիկ, որոնք կարող են խաթարել մեր հարաբերությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Նույնը քարոզում են նաև ադրբեջանցիները՝ նշելով, որ եթե Փաշինյանը չլինի, իրավիճակը կփչանա»:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի և նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն 99 տարվա ժամկետով ինչ-որ ճանապարհի կամ տարածքի վարձակալության վերաբերյալ մտահոգություններ են առաջացրել։ Խաչատրյանը ընդգծեց, որ այս թեման առայժմ բաց է թողնված Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերում. «Կարելի է ենթադրել, որ կարող է լինել որևէ այլ պայմանավորվածություն։ Մտահոգություն ունեմ, որ ենթակառուցվածքների կառուցումից հետո մեր երկրի ինքնիշխան տարածքը երկարաժամկետ վարձակալության կարող է հանձնվել երրորդ կողմին։ Նման մտավախությունները առանձնահատուկ են այն պատճառով, որ Արարատ Միրզոյանն ասել է, թե այս պահի դրությամբ նման ծրագիր չկա»,– ասաց Խաչատրյանը՝ նշելով նաև, որ տեսնում է տարածաշրջանային ապակայունացման ռիսկեր։
Բաց մի թողեք
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն
Քաղաքացին հոգնել է միֆական, աննյութական առաջարկներից․ Ղևոնդյան
Եթե խաղաղությունը ստորագրվում է հարկադրաբար, ապա դա խաղաղություն չէ, այլ՝ շոու